ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին է փոխանցել Ուկրաինայում պատերազմի ավարտի վերաբերյալ ամերիկյան առաջարկներ պարունակող փաստաթուղթ, հաղորդում է РБК-Украина-ն։
Դրանում, մասնավորապես, արծարծվում են Ուկրաինայի չեզոքության, նրա բանակի թվաքանակի, տարածքների և անվտանգության երաշխիքների հարցերը, «ТСН. Неделя» հաղորդման վարող Ալլա Մազուրին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ըստ Զելենսկու, Կիևն անընդունելի է համարում ինչպես ուկրաինական բանակի սահմանափակումը, այնպես էլ երկրի չեզոք կարգավիճակի պահանջը։ Միևնույն ժամանակ նա չի բացահայտել ամերիկյան մշակումների բոլոր մանրամասները՝ հղում անելով Վաշինգտոնի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին։
Նա ընդգծել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները չեն կարող որոշվել Ռուսաստանի կողմից։ Տարածքների հարցն, ըստ նրա, Կիևի համար սկզբունքայինների շարքին է պատկանում և կարող է քննարկվել միայն պետությունների առաջնորդների մակարդակով։
«Ուկրաինան չի պատրաստվում ոչինչ փոխանակել, բայց մենք պատրաստ ենք քննարկման», — հայտարարել է Զելենսկին։
Նա հավելել է, որ ամերիկյան կողմը պարբերաբար բարձրացնում է այն հարցը, թե տարածքային հարցում ինչ զիջումների է պատրաստ գնալ Կիևը։
Հնարավոր համաձայնագրի մյուս ասպեկտները, ներառյալ անվտանգության երաշխիքներն ու Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների հեռանկարները, կարող են քննարկվել տեխնիկական խմբերի կողմից։ Զելենսկին նշել է, որ նման երաշխիքները ենթադրում են կոնկրետ պարտավորություններ այն պետությունների կողմից, որոնք պատրաստ են դրանք տրամադրել։ Կիևը հույս է դնում, որ այս գործընթացին կմասնակցեն ԱՄՆ-ն և եվրոպական երկրները։
Միևնույն ժամանակ Ուկրաինայի նախագահը ընդգծել է, որ Ուիթքոֆի կողմից Պուտինին փոխանցված փաստաթուղթը պատրաստի ծրագիր չէ, որը ռուսաստանյան կողմը պետք է հաստատի։
«Որոշումը Ռուսաստանը չի ընդունում։ Որոշում են բոլոր կողմերը։ Կան առաջարկներ քննարկման համար, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից։ Նրանք այդ առաջարկները քննարկում են մեզ հետ», — պարզաբանել է Զելենսկին։





























