Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ այսօր ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում միջոցառում է կազմակերպվել, որին մասնակցել են 5-10 տարեկան այն երեխաները, որոնց ալիմենտի բռնագանձման եւ ծնողների հետ տեսակցությունների կազմակերպման հարցերով զբաղվում է հարկադիր կատարման ծառայությունը։

Զվարթ շոու-ծրագրի ընթացքում թվով 70 երեխաներին ուրախացրել են հեքիաթների հերոսները, ծառայության կողմից նրանց հանձնվել են նվերներ, կազմակերպվել է հյուրասիրություն։

ՀՀ գխավոր հարկադիր կատարողի տեղակալ Ռոբերտ Ղազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ հատկապես այս երեխաները պետական հոգածության եւ առավել մեծ ուշադրության կարիք ունեն։ Ծառայության աջակցությամբ է, որ նրանք հնարավորություն են ունենում սահմանված կարգով ծնողների հետ հանդիպելու։ Նրա խոսքով՝ միջոցառումը նպատակաուղղվել է բարելավելու այն բարոյահոգեբանական վիճակը, որ ձեւավորվում է հարկադիր կատարման ծառայությունում գտնվելիս:

Նշենք, որ ալիմենտներին վերաբերող գործառույթներից են բռնագանձումները, տեսակցություններն ու երեխայի հանձնումը մի ծնողից մյուսին:

Ներկայում ընթացքի մեջ է 1362 կատարողական վարույթ, որից 854-ը՝ մարզերից, աշխատանք է տարվում մոտ 2500 երեխայի հետ, որից 1500-ը մարզերից են։

Հիշեցնենք, որ 2 տարի առաջ` հունիսի 1-ին ծառայությունում ստեղծվել է «Երեխաների տեսակցությունների կազմակերպման սենյակ», որի նպատակը` ծնողների հետ նրանց անկաշկանդ հանդիպումների կազմակերպումն է։