Ավստրիայի Գրաց քաղաքի Վելշե Կիրխեում «Բխիյան» լարային քառյակի կատարմամբ կայացել է «Հայ եւ ավստրիական երաժշտական արվեստի հանդիպում» խորագրով համերգը, որի կազմակերպիչն էր Գրացի Հայ առաքելական եկեղեցական վարչությունը: Քառյակի անդամներն են` Մարինե Բխիյան /ջութակ/, Միխայլո Զախարով /ջութակ/, Գայանե Միրզոյան /ալտ/, Յուդիթ Պապ /թավջութակ/:

Կատարվել են Յոզեֆ Հայդնի եւ Կոմիտասի ստեղծագործությունները: Քառյակում ընդգրկված երկու հայուհիները Երեւանի Չայկովսկիի անվան երաժշտական դպրոցի սաներն են, ովքեր հետագայում իրենց կրթությունը շարունակել եւ կատարելագործել են եվրոպական քաղաքներում` Լոնդոն, Բրյուսել, Լովրան /Խորվաթիա/, Գրաց:

Համերգի ավարտին կազմակերպվել է հանգանակություն, որի հասույթը տրամադրվելու է Երեւանի Քանաքեռ համայնքում գործող երաժշտական դպրոցին:

Միջոցառման վերջում տեղի է ունեցել ընդունելություն համերգին ներկա ավստրիացի եւ հայ հանդիսատեսի համար:

Համերգին ներկա էին Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը եւ դեսպանորդ Աշոտ Ալեքսանյանը:

Համերգ-միջոցառման նպատակն էր ավստրիացի եւ հայ ունկնդիրներին ծանոթացնել երկու ազգերի բարձրարժեք երաժշտական արվեստի հետ: