Հայաստանի ֆինանսական շուկան շարունակում է ցնցվել դոլարի փոխարժեքի անկանխատեսելի ցատկերի հետեւանքով: Այսօր` հունիսի 5-ին բորսայում գրանցվել է փոխարժեքի հերթական կտրուկ տատանումը: Ամերիկյան դոլարը թանկացել է միանգամից 1.3 կետով (0.56%-ով), հասնելով 411.03 դրամի: 2006 թ. հուլիսի 28-ից հետո սա դոլարի ամենաբարձր փոխարժեքն է:
Դատելով բորսայական առեւտրի ծավալներից` ՀՀ կենտրոնական բանկը չի միջամտել փոխարժեքին, թեեւ ԿԲ ղեկավարները մի քանի անգամ հայտարարել են, որ կտրուկ տատանումների պարագայում անպայման կմիջամտեն:
Ընդհանուր առմամբ, բորսայում այսօր վաճառվել է 1.65 մլն դոլար, ընդ որում` բորսան փակվել է 1դոլար/413 դրամ փոխարժեքով:
Դոլարի տատանումներն այնքան արագ են ու անկանխատեսելի, որ կանխիկ արտարժույթի շուկայում բանկերը չեն կողմնորոշվում արտարժույթի առուվաճառքի փոխարժեքներ սահմանելիս: Մասնավորապես` 15:38-ի դրությամբ բանկերից երկուսը` «ԲՏԱ բանկն» ու «Արմսվիսբանկը» դոլար էին գնում 412 դրամով, իսկ «Արցախբանկը» 411 դրամով վաճառք ուներ:



























