Հայաստանի ժողովրդական կուսակցությունը դեկտեմբերի 18-ին հայտարարություն է տարածել, որում իր մտահոգությունն է հայտնել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներից մեկի գնահատականների վերաբերյալ:
"Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Աշոտ Սարգսյանը այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթում հանդես է եկել ծավալուն հոդվածով, որտեղ, մասնավորապես, նշում է. «Թերեւս առաջին անգամ հայ իրականության մեջ ընդդիմությունը դրսեւորեց քաղաքական պատասխանատվության որակներ, որոնք, ըստ մեզանում տարածված պատկերացումների, կարող է ունենալ իշխանությունը, բայց ոչ ընդդիմությունը` իշխանության համար պայքարը ստորադասելով երկրի շահերին»,- նշել են ՀԺԿ պատասխանատուները եւ հավելել. «Հարկ ենք համարում նշել, որ այդ գնահատականները շատ հեռու են անաչառ լինելուց եւ միայն վնասում են ընդդիմադիր շարժմանը: Ի՞նչ է՝ Կարեն Դեմիրճյանը չի՞ դրսեւորել քաղաքական պատասխանատվության որակներ` 1998 թ. երկիրը զերծ պահելով ցնցումներից եւ արյունահեղությունից, թե՞ Հայաստանի ժողովրդական կուսակցությունն է երկրի շահերը ստորադասել իշխանության համար մղվող պայքարին` սկզբունքային տարաձայնությունների պատճառով դուրս գալով իշխանությունից»:
Հայտարարության հեղինակները հույս են հայտնել, որ «մեր գործընկերները այսուհետ ավելի անաչառ կլինեն իրենց գնահատականներում»:
Հիշեցնենք, որ ՀԺԿ-ն մաս է կազմում Հայ ազգային կոնգրեսին:




























