Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ 2009թ. ամենամեծ ձեռքբերումն այն է, որ «երկիրը մարտիմեկյան ճգնաժամից հետո փորձում է մտնել կայունացման փուլ, եւ բոլոր միտումները կան, որ 2010թ. լինի արդեն ներքաղաքական շատ ավելի լուրջ, ավելի հստակ կայունացման տարի»: Այդ մասին Զոհրաբյանը հայտնեց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:
Պատգամավորը կարեւոր է համարում հայ-թուրքական հարաբերությունները հունի մեջ դնելու նախաձեռնությունը եւ «լավատես է, որ այն դրական արդյունք է ունենալու, որովհետեւ 21-րդ դարում մենք չենք կարող ապրել 21-րդ դարին ոչ հարիր չափորոշիչներով՝ ունենալով փակ սահմաններ, ոչ բնականոն հարաբերություններ մեր հարեւանների հետ»:
«Շատ կարեւոր ձեռքբերում եմ համարում մեր սպորտային հաջողությունները մասնավորապես երկար տարիների ընդմիջումից հետո Նազիկ Ավդալյանի հաղթանակը: Սպորտն այն այցեքարտն է, որով ներկայացվում է երկիրը, եւ երբ փոքր Հայաստանը գերտերությունների հետ հավասարը հավասարի կանգնում է, դա մեր բոլորի պատիվն է»,- նշեց պատգամավորը:
Հարցին, թե ո՞րն է համարում 2009թ. ամենամեծ կորուստը, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ամենամեծ, կորուստ չասեմ, խնդիրը համարում եմ այն, որ մեզ չհաջողվեց դեռեւս երկրում վերջնականապես հաստատել քաղաքացիական համերաշխության մթնոլորտ: Մենք պիտի կարողանանք այդ բացը լրացնել, այլապես դրական առումով որեւէ տեղ չենք կարող հասնել»:




























