Էրեբունի ամրոցի միջնաբերդում պեղումներ  իրականացնող հայ-ֆրանսիական արշավախումբն, այսօր` հունիսի 28-ին, ամփոփել է աշխատանքների ամառային գործաշրջանը:

Արգելեց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը բարձր գնահատելով 1950-60-ական թվականներին հնավայրում աշխատած հնագիտական արշավախմբերի արդյունքները, մասնավորապես ճարտարապետ Կոստանդին Հովհաննիսյանի վաստակը, որոնք թույլ են տվել Երեւանը ներկայացնել աշխարհի հնագույն մայրաքաղաքների շարքում` Գ. Գյուրջյանն այնուհանդերձ նշել է, որ խորհրդային ժամանակաշրջանում կատարված հնագիտական հետազոտություններն  արվել են որոշակի շտապողականությամբ, եւ ամրոցի ճարտարապետությանը վերաբերող շատ հարցականներ այսօր են ստանում իրենց պատասխանները:

2012թ. հունիսի 5-ից մեկնարկած հայ-ֆրանսիական հնագիտական պեղումների պատկերը  մանրամասնորեն ներկայացրել է ֆրանսիական արշավախմբի ղեկավար Ստեֆան Դեշամպը, իսկ հայտնաբերված խեցեղենի վերլուծությունը` արշավախմբի անդամ Ֆրանսուա Ֆիշե Դը Կլերֆոնտենը: Մասնագետները հատկապես շեշտել են, որ այս տարվա պեղումները կօգնեն լուսաբանել  Ուրարտուի կործանումից հետո  մինչեւ Աքեմենյան տիրապետություն ընկած անցումնային ժամանակաշրջանը` շուրջ մեկդարյա մի ժամանակահատված, որի ըմբռնումը  թույլ կտա գրել Հայաստանի պատմության այս էջը: Նրանք նաեւ շեշտել են, որ Իրանի տարածքում պահպանված աքեմենյան շատ հուշարձանների հետ Էրեբունիի  գիտական համեմատությունը  թույլ է տալիս ենթադրել, որ Ուրարտուի կործանումից հետո  կյանքն ամրոցում անկասկած շարունակվել է:

Արգելոց-թանգարանի տնօրենի տեղակալ, պեղումների հայկական կողմի ղեկավար Արաքսի Մեշինյանը կարեւորել է պեղածո նյութերի մշակման եւ սահմանված կարգով արգելոց-թանգարանին հանձնման գործընթացը` նշելով, որ ներկայումս հանձնման փուլում են նախորդ տարիներին Էրեբունի ամրոցում պեղումներ իրականացրած հայ-ամերիկյան արշավախմբի նյութերերը:

Լրագրողների հարցին, թե ինչպիսի՞ կյանք են վարել Էրեբունիի բնակիչները , ֆրանսիացի հնագետ Ստեֆան Դեշամպը կեսկատակ պատասխանել է. «Դատելով ամրոցից հայտնաբերված խեղեցենի տեսքից եւ որակից, կարելի է ասել, որ ուրարտացիները ծանոթ են եղել շքեղ կյանքին, եղել են ճաշակով, սիրել են ըմպել գինի կամ գարեջուր»: