Իզյումի քաղաքային խորհուրդը, քննելով եւ միաձայնորեն աջակցելով Իզյումի հայկական համայնքի «Հայաստան» կազմակերպության ղեկավար Նիկոլայ Ադիխանյանի դիմումին, եւ դատապարտելով Հայոց ցեղապանությունը՝ որոշեց.
Դիմել Ուկրաինայի նախագահին եւ Գերագույն ռադային՝ խնդրելով աջակցել հայ ժողովրդին եւ օրենսդրական մակարդակով ամրագրել Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։
Analitika.at.ua-ի թղթակցի հետ զրույցում Նիկոլ Ադիխանյանը ասել է, որ սա կարեւոր իրադարձություն է Ուկրաինայի ողջ հայկական համայնքի եւ ընդհանրապես հայ ազգի համար։ Ադիխանյանը շնորհակալություն է հայտնել իր բոլոր գործընկերներին՝ աջակցելու համար։ Նա հատուկ շնորհակալություն է հայտնել Իզյումի քաղաքային խորհրդի ղեկավար Ալեքսանդր Բոժկովին, քարտուղար Կոնստանտին Օլշանսկուն, քաղաքապետի տեղակալ Ալեքսեյ Պոլյախինին, Մարդասիրական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Յավդոկիմենկոյին եւ պատգամավորներին, ովքեր աջակցել են, ինչպես նաեւ փորձագետներին, ովքեր իրենց լուման են ներդրել այս հարցում։
Նշենք, որ սա Ուկրաինայի երրորդ որոշումն է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ։ 2005 թվականի մայիսի 19-ին Ղրիմի Գերագույն ռադան որոշում ընդունեց ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օր, իսկ 2009 թվականի նոյեմբերի 26-ին Կիեւի Գոլոսեւսկիի շրջանային խորհուրդը դատապարտել է Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանությունը։
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Կանադան, Արգենտինան, Շվեյցարիան, Ռուսաստանը, Բելգիան, Ֆրանսիան, Լեհաստանը, Սլովակիան, Նիդեռլանդները, Հունաստանը, Ուրուգվայը, Կիպրոսը, Լիբանանը, Վատիկանը եւ այլք։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ ԱՄՆ-ի 50 նահանգներից 44-ը եւ Եվրախորհրդարանը։




























