« Կարծում եմ, որ 2009 թվականը արդյունավետ էր մեր լրատվական ողջ դաշտի համար»,- այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ դեկտեմբերի 26-ին նախագահական նստավայրում Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ զանգվածային լրատվության միջոցների շուրջ երկու հարյուր ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը:

«Մի քանի օրից մենք հրաժեշտ կտանք 2009 թվականին, որը լի էր բուռն իրադարձություններով եւ հիշարժան զարգացումներով: Գաղտնիք չէ, որ ձեր խոսքը, ձեր դիրքորոշումն ու կեցվածքն իսկապես ազդեցիկ են մեր հասարակության համար, քանզի այդ իրադարձությունների մասին մեր ժողովուրդն առաջին հերթին տեղեկանում է հենց ձեզնից: Այսպիսով՝ նաեւ դուք եք գրում մեր պետության տարեգրությունը»,- նշել է Սերժ Սարգսյանն ու հավելել. «Պատկերացրեք ապագա պատմաբանի վիճակը, որ փորձելու է նաեւ այսօրվա մամուլի էջերը թերթելով` պատկերացում կազմել մեր այսօրվա Հայաստանում տեղի ունեցող գործընթացների եւ առկա մթնոլորտի մասին: Խոստովանենք` միշտ չէ, որ նա կունենա լիարժեք պատկերացում, միշտ չէ, որ հրապարակումները կկարողանան ծառայել որպես հավաստի սկզբնաղբյուր կամ չեն բերի կողմնակալ եզրակացությունների»:

Ըստ նախագահի՝ լրագրողներն իրենց հրապարակումներով, ահազանգերով, բարձրաձայնած խնդիրներով օգնում են իշխանությանը` զերծ մնալու սխալներից, ժամանակին կանխելու դրանք եւ չկորցնելու զգոնությունը:

«Մաղթում եմ, որ նոր տարում դուք մեր երկրի ու ժողովրդի մասին մեծաքանակ ուրախալի լուրեր հաղորդելու առիթներ ունենաք: Երբ աշխարհի որեւէ անկյունում դժբախտություն է պատահում, այդ մասին խոսում են բոլորը: Որքան մեծ է դժբախտությունն, այնքան մեծ են արձագանքն ու լսարանը: Ցանկանում եմ, որ 2010 թվականին մեծ լսարան ու արձագանք ապահովեն բացառիկ հաջողությունների մասին լուրերը, գիտական հայտնագործությունները, մարզական մեծ նվաճումները եւ այն ամենն, ինչը երջանիկ պահեր է նվիրում մարդկանց»,- նշել է Սարգսյանն ու հավելել. «Մաղթում եմ, որ նոր տարում նաեւ ձեր եռանդուն ջանքերի շնորհիվ ունենանք քաղաքական ազատությունների, ժողովրդավարության եւ հանդուրժողականության այնպիսի մակարդակ, որ մեր լրագրողներից ու քաղաքացիներից մեծ համարձակություն չպահանջվի անկեղծ խոսք ասելու, որեւէ տեսակետ հնչեցնելու կամ լրագրողական հետաքննություն վարելու համար»:

«Համոզված եմ, որ համագործակցելով, նաեւ հակադիր տեսակետները մատնացույց անելով՝ մենք առաջ ենք տանելու մեր երկիրն ու հասարակությունը եւ եկող՝ 2010 թվականը դառնալու է այդ առաջընթացի խոսուն վկան»,- ամփոփել է Սերժ Սարգսյանը: