«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, զանգվածային անկարգությունների կազմակերպման մեղադրանքով «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում պահվող Նիկոլ Փաշինյանի՝ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի շենքում դեկտեմբերի 26-ին կայացած դատական նիստում պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը պահանջել են ազատ արձակել իրենց պաշտպանյալին՝ հիմնավորելով, որ նրա գործողություններում որեւէ հանցակազմ չկա:
Պաշտպաններն իրենց ամփոփիչ ճառում անդրադառնալով մեղադրող կողմի ճառին, որով 8 տարվա ազատազրկում էին պահանջել Նիկոլ Փաշինյանի համար, նշել են, որ այն ոչ թե ճառ է, այլ մեղադրական եզրակացության ընթերցում, որտեղ հնչել են որեւէ փաստով չապացուցված կարծիքներ:
Պաշտպանները հիմնավորել են նաեւ, որ 2008թ. մարտի 1-ին Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ չեն եղել, այլ եղել է խաղաղ հանրահավաքի հարկադիր դադարեցում, որը զուգորդվել է բռնարարքներով, եւ դա հանգեցրել է նրան, որ քաղաքացիները ստիպված են եղել դիմել ինքնապաշտպանության: «Նա այդ օրը ունեցել է միայն ժողովրդին հանգստացնելու, հանդարտեցնելու գործառույթ: Դա են վկայում նրա բոլոր ելույթները, ապացույցները, տեսագրությունները, որ Նիկոլ Փաշինյանն ու ընդդիմության մյուս ներկայացուցիչները կապ չեն ունեցել խանութների թալանի հետ: Ընդհակառակը, դատապարտել են դա»,- նշել են պաշտպանները՝ պահանջելով արդարացնել Նիկոլ Փաշինյանին:
Այս պահին դատարանում ամփոփիչ ճառով հանդես է գալիս Նիկոլ Փաշինյանը:




























