Ուկրաինայի ներքին գործերի նախարար Յուրի Լուցենկոն կանխատեսում է, որ Յուլիա Տիմոշենկոյի նախագահ դառնալու պարագայում վերջինս էականորեն կուժեղացնի իշխանության նախագահական թեւը: «Նախագահ Տիմոշենկոյի դեպքում չի լինի վարչապետ: Դա իմ կանխատեսումն է: Նա կունենա վարչապետի պաշտոնակատար, ով ներկայումս իր առաջին տեղակալն է` Ալեքսանդր Տուրչինովը»,- ասուլիսում հայտարարել է նախարարն ու հավելել. «Ավելին, ես կարծում եմ, որ չի լինի կառավարության որեւէ նիստ՝ առանց Տիմոշենկոյի մասնակցության, ով անձամբ կդնի խնդիրներ ու կվերահսկի դրանց կատարումը»:
ՆԳ նախարարը շեշտել է նաեւ Տիմոշենկոյի աշխատունակությունը, էներգիան ու ունակությունները` ամեն գնով հասնել իր ուզածին: «Ուստի ես վստահ եմ, որ մենք վերջապես կունենանք նախագահ, ով կոռուպցիայի դեմ պայքարի մասին չի հիշի ընտրություններից 40 օր առաջ: Այլ կունենանք այնպիսի նախագահ, ով առաջին իսկ օրվանից կհասնի իր ուզածին` անկախ իր ունեցած լիազորությունների»,- նշել է Լուցենկոն:




























