Վրաստանի առաջին նախագահի այրին՝ Մանանա Արչվաձե-Գամսախուրդիան, քաղաքական ապաստան է խնդրում Գերմանիայի իշխանություններից: Նա արդեն պաշտոնական հայտ է ներկայացրել Վրաստանում Գերմանիայի դեսպան Պատրիցիա Ֆլորին՝ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի անունով, հաղորդում է «Գրուզիա Օնլայնը»:

Ինչպես հայտնել է Արչվաձե-Գամսախուրդիան լրագրողներին, մի քանի տարի է՝ ինքն ու իր ընտանիքը հետապնդումների են ենթարկվում, խախտվում է Վրաստանի Սահմանադրությունը, Հելսինկյան հռչակագիրը եւ ՄԱԿ-ի հռչակագիրը: «Ես ստիպված էի դիմել Գերմանիայի կառավարությանը՝ ապաստանի խնդրանքով»,- հայտարարել է նա: Նախկին նախագահի այրին հայտնել է նաեւ, որ իր որդի Ցոտնեն, որ կանխամտածված սպանության մեղադրանքով գտնվում է կալանքի տակ, երեք օր առաջ նոր հացադուլ է սկսել, ինչը կարող է հանգեցնել ողբերգական հետեւանքների: Նա կարծում է, որ իր որոշմամբ կարող է օգնել որդուն արտերկրից:

Գերմանիայում քաղաքական ապաստան ստանալու դեպքում, ինչպես նշել է Արչվաձե-Գամսախուրդիան, չի հրաժարվի Վրաստանի քաղաքացիությունից: Վրաստանում ԳԴՀ դեսպանատունը դեռ որեւէ հայտարարություն չի արել: