Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ վիզաների ռեժիմի վերացման մասին համաձայնագրի չստորագրման հիմնական պատճառը ուսանողերին վիզա տրամադրելու հարցն է եղել։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական АПА գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։ Գործակալությունը նաեւ փոխանցում է, որ թուրքական կողմն ուզում է ընդհանուր օրենքները կիրառելի լինեն նաեւ ուսանողների համար, սակայն ադրբեջանական կողմը չի համաձայնում։ Ադրբեջանն առաջարկում է ուսանողների վիզա ստանալու հարցը չներառել այս համաձայնագրի մեջ։
Թուրքկան կողմը ընդունել է պաշտոնական Բաքվի այս պահանջը եւ որոշել ուսանողների վիզա տրամադրելու հարցը քննարկել ավելի ուշ։
Միեւնույն ժամանակ, Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը, մեկնաբանելով իրավիճակը, ասել է, որ Բաքուն եւ Անկարան կշարունակեն երկու երկրների միջեւ վիզաների ռեժիմի վերացման շուրջ բանակցությունները։ Նրա խոսքով, որոշ ներքին գործընթացներ կան, որոնք պետք է փոխհամապատասխանեցվեն, իսկ «աշխատանքներն այդ ուղղությամբ շարունակվում են»։
Հիշեցնենք, որ երկու երկրների միջեւ վիզաների ռեժիմի վերացման մասին համաձայնագիրը պետք է ստորագրվեր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի Թուրքիայի կատարած այցի ժամանակ։




























