Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մասնակցելու է պատգամավորի ընդդիմադիր թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական հանրահավաքին: Այդ մասին դեկտեմբերի 28-ին կայացած ասուլիսում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Նրա խոսքով, հանրահավաքը կկայանա Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից տարածքում: Թիվ 10 ընտրատարածքի ընտրողների հետ հանդիպումից հետո կկայանա երթ, որը կավարտվի Հյուսիսային պողոտայում:

Ընդդիմադիրների խոսքով, չնայած պայքարի անհավասար պայմաններին, Նիկոլ Փաշինյանն ունի հաղթելու բոլոր հնարավորությունները, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե որքան հեռուն են պատրաստ գնալ իշխանությունները կեղծիքների եւ բռնությունների գործում: Փաշինյանի նախընտրական շտաբի ղեկավար Դավիթ Մաթեւոսյանը հայտնել է, որ քարոզարշավի ընթացքում պարզվել է, որ մայրաքաղաքի կենտրոնում տների մոտ 30 տոկոսը դատարկ են: Բացի այդ բնակիչների 90 տոկոսը չգիտեն, որ հունվարի 10-ին իրենց ընտրատարածքում լրացուցիչ ընտրություններ են անցկացվելու: Մաթեւոսյանը նկատել է, որ Հայաստանի ոչ մի հեռուստաալիք չի համաձայնել հեռարձակել Փաշինյանի նախընտրական հոլովակը: Լրացուցիչ ընտրությունները կայանալու են հունվարի 10-ին: