Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 28-ին Հայաստանի նախագահի նստավայր էին հրավիրվել Հանրապետության ավարտական դասարանների լավագույն աշակերտները: Նախագահական նստավայրում նրանց ողջունել է նաեւ երկրի ղեկավարը:

Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահ Սարգսյանն ասել է. «Ես ամիսներ առաջ հայտարարել էի, որ բոլոր այն պատանիներն ու աղջիկները, ովքեր որեւէ ասպարեզում կառանձնանան իրենց գիտելիքներով, ովքեր կդառնան օլիմպիադաների հաղթողներ կամ մեդալակիրներ, անձամբ կսեղմեմ նրանց ձեռքն ու հրապարակավ շնորհակալություն կհայտնեմ: Անցած տարվա մեդալակիրներին ու տարբեր առարկայական օլիմպիադաներում հաղթողներին ես արդեն ընդունել եմ, նույնը պատրաստվում եմ անել այսուհետ»:

Նշելով, որ ավարտական դասարանների աշակերտներին սպասվում է ծանրաբեռնված տարի. քննություններ, պայքար մեդալների համար, ընդունելություն բուհ` Սերժ Սարգսյանն ասել է. «Թող 2010-ը լինի ձեր առաջին ամենալուրջ հաղթանակների տարին: Գերազանց արդյունքները հաղթանակներ են, ձեր հաղթանակները: Իսկ հաղթելու համար մարդ պետք է կարողանա նախ ինքն իրեն հաղթել, իր կասկածներն ու անվստահությունը հաղթահարել: „Ես կարող եմ“. բոլոր հաղթանակները նախ սրանով են սկսվում: Ես ձեզ սեփական ուժերի հանդեպ վստահություն եմ ցանկանում, առավել եւս, որ վստահ եմ ձեր ուժերին: Եվ դրա համար նաեւ ես շատ լուրջ հիմքեր ունեմ»:

Նախագահ Սարգսյանը դպրոցականներին նվիրել է Գրիգոր Նարեկացու անմահ ստեղծագործությունը եւ մաղթել, որ Նարեկը լինի ոչ միայն նրանց լավագույն ընկերը, այլեւ պահապանն ու ճիշտ ճանապարհից չշեղվելու փարոսը: