Ազգային ժողովի պատգամավոր, ներկայումս 8 տարվա ազատազրկման դատապարտված Սասուն Միքայելյանը դեկտեմբերի 28-ի երեկոյան դուրս է գրվել «Արմենիա» բժշկական կենտրոնից եւ տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի Հրազդանի կառույցի ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանը:

Ըստ Մեսրոպյանի՝ Միքայելյանի վիրակապերը հանել էին, նա կարողանում էր ինքնուրույն քայլել, բայց դեռ զգացնել են տվել վերքերը: «Բացի այդ, վերջին օրերին կրկին սրվել էին գլխացավերը»,-նշեց Մեսրոպյանը եւ հավելեց, որ առաջիկա 10-15 օրերի ընթացքում Սասուն Միքայելյանին պարբերաբար պիտի բերեն «Արմենիա» բուժկենտրոն՝ հետվիրահատական հետազոտությունների եւ վիրակապեր դնելու համար:

Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը «Արմենիա» բուժկենտրոնում ենթարկվել է շնչառական ուղիների միանգամից մի քանի բարդ վիրահատության, սակայն այժմ էլ, ըստ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների եւ նրա մտերիմների, լուրջ առողջական խնդիրներ ունի, նա արցախյան պատերազմի մասնակից է եւ առ այսօր նրա մարմնում մի քանի տասնյակ բեկորներ կան, որոնք զգացնել են տալիս իրենց:

Սասուն Միքայելյանը ձերբակալվել եւ 8 տարվա ազատազրկման էր դատապարտվել 2008թ. մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքներով: