Երեւանում ամանորյա միջոցառումները կտեւեն մինչեւ հունվարի 13-ի ուշ գիշեր: Երեւանի քաղաքպետարանի կողմից կազմակեպված ամանորյա միջոցառումների շրջանակներում դեկտեմբերի 29-ից մինչև հունվարի 14-ը Հանրապետության հրապարակում կգործեն մանկական ատրակցիոններ, կտեղադրվեն լուսավորված հեքիաթային տնակներ։ Տոնական միջոցառումների համար կտեղադրվի նաեւ բեմահարթակ։

Դեկտեմբերի 31-ի ժամը 23։00-ից մինչեւ 02։00-ն դիջեյների մասնակցությամբ կկայանա ամանորյա դիսկոտեկ, իսկ ժամը 24։00-ին մայրաքաղաքի 15 հատվածներից կլինի շքեղ հրավառություն։ Հունվարի 1-ից 10-ը, բացառությամբ հունվարի 7-ի, ժամը 15։00-ից մինչև 16։30 Հանրապետության հրապարակում կկազմակերպվեն մանկական ամանորյա միջոցառումներ, որոնց կմասնակցեն մանկական մի շարք խմբեր։ Ամանորի եզրափակիչ համերգը Հանրապետության հրապարակում տեղի կունենա հունվարի 13-ին ժամը 22։00-ից մինչեւ 01։00-ն, որին կմասնակցեն հանրապետության ճանաչված երգիչներ և համույթներ։ Համերգը կեզրափակվի հրավառությամբ եւ տոնական դիսկոտեկով։

Երեւանի քաղաքպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեկտեմբերի 31-ին մայրաքաղաքի վերգետնյա տրանսպորտն ու Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը կաշխատեն մինչեւ հունվարի 1-ի ժամը 01։00-ն։ Հունվարի 1-ից 10-ը ներառյալ ներքաղաքային հասարակական տրանսպորտի աշխատանքային գրաֆիկը սահմանված է մինչեւ ժամը 24։00-ն, իսկ հունվարի 11-ից հասարակական տրանսպորտը կաշխատի սովորական գրաֆիկով։

Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության բաժնից էլ տեղեկանում ենք, որ տոնական օրերին հասարակական կարգի պահպանման պատշաճ կազմակերպման տեսանկյունից ոստիկանությունն աշխատելու է ուժեղացված ռեժիմով։