«Ես չեմ բացառում, որ հայաստանյան տնտեսության տարբեր ճյուղերում ստվերային շրջանառություն կա։ Բայց թե ինչ չափերի են դրանք, դժվար է ասել»,- դեկտեմբերի 29-ի ասուլիսի ժամանակ հայտարարել է կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի ղեկավար Գագիկ Խաչատրյանը։
Օրինակ՝ ճգնաժամի պայմաններում հարկերի մասով ավելի քան 3 մլրդ դրամ ավել է հավաքվել, քան 2008-ին։ Դա նշանակում է, որ եկամուտները մինչ այժմ թաքցվել են պետությունից։ Որպես ինքնաքննադատություն՝ Գ. Խաչատրյանը նշել է, որ իր կողմից ղեկավարվող գերատեսչությունում եւս կոռուպցիոն ռիսկեր կան եւ միշտ կլինեն։ «Ամբողջ խնդիրը նրանում է, թե որքան արդյունավետ ենք մենք պայքարում դրանց դեմ»,- խոստովանել է նա։
Նրա խոսքով, ընթացիկ տարում կոմիտեից 400 մարդ է հեռացել։ Պատճառները երեքն են՝ չեն համաձայնել աշխատանքային նոր պայմանների հետ, չեն անցել ատեստավորումը, թույլ են տվել խախտումներ։
Իսկ այսօր գերատեսչության 24 աշխատակիցներ պարգեւներ են ստացել։




























