«Ես տեղյակ չեմ նախաքննության մանրամասներին, բայց այն բազմաթիվ հիմնավորումներ է գտել, որ իմ վրա մահափորձ է կատարվել»,- դեկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը:

Նրա խոսքով, կան նաեւ բավարար հիմքեր կարծելու, որ ձերբակալվածներն ու հետախուզման մեջ գտնվող Ռոբերտ Երիցյանը մեղավոր են չհաջողված մահափորձի մեջ:

Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Գագիկ Խաչատրյանի վրա մահափորձ կատարելու նպատակով անհայտ անձինք փորձել էին Տերյան 19 հասցեի մոտ գտնվող անավարտ շինության հիմքում ինքնաշեն պայթուցիկ սարք տեղադրել: Քննության ընթացքում ԱԱԾ եւ ոստիկանությունը ձերբակալել են անմիջական մեղավորներին եւ կատարողներին՝ թվով 8 հոգու: Պարզվել է, որ պատվերը տվել է Մաքսային կոմիտեի նախկին աշխատակից Ռոբերտ Երիցյանը՝ Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտի Երիցյանի որդին, որը վճարել է 150 հազար դոլար: Նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: