Երեւան Մ. Խորենացի 7/1 հասցեում այսօր` օգոստոսի 2-ին, գործարկվել  է ՊԵԿ վերադաս մարմնի սպասարկման սրահը, որի աշխատանքներին ծանոթանալու նպատակով նորաբաց կենտրոն էր  այցելել կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նոր սպասարկման կենտրոնը ստեղծվել է հարկ վճարողների եւ քաղաքացիների սպասարկման որակը բարձրացնելու նպատակով` պայմանավորված հարկ վճարողների եւ քաղաքացիների  կողմից  ՊԵԿ վերադաս հարկային եւ մաքսային մարմիններ ներկայացվող դիմումների, առաջարկությունների, բողոքների եւ այլ փաստաթղթերի հետ աշխատանքների կազմակերպման ու փաստաթղթաշրջանառության բարելավման անհրաժեշտությամբ. «Ցանկացած հարց, որի գործառույթը կապված է ՊԵԿ վերադաս մարմնի հետ, սպասարկման նորաստեղծ սրահում քաղաքացիները եւ հարկ վճարողները կարող են «Մեկ պատուհան» սկզբունքով ներկայացնել եւ նույն տեղում ստանալ իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները: Սրահը հնարավորություն կտա նաեւ վերհանել այն խնդիրները, որոնք կտանեն փաստաթղթաշրջանառության կրճատմանը եւ ավելի էլեկտրոնային կդարձնեն շփումները հարկ վճարողների հետ: Այս ձեւաչափով, փաստորեն կարելի է ասել, որ գերատեսչությունների մեջ առաջինն ենք, որ  փորձում ենք քաղաքացիների եւ հարկ վճարողների կենտրոնական ապարատի, վարչությունների աշխատակիցներ հետ շփումներն իրականացնել միայն սպասարկման սրահի միջոցով՚»,- ասաց ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը:

ՊԵԿ սպասարկման նորաստեղծ սրահին մի շարք գործառույթներ են վերապահվել. այստեղ կընդունվեն կոմիտեին հասցեագրված գրությունները, դիմումները, բողոքները, առաջարկությունները եւ այլ փաստաթղթերը ու դրանց ընթացքի վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, կտրամադրվի տեղեկատվություն: Սրահի միջոցով կիրականացվի նաեւ ՊԵԿ վերադաս մարմնի եւ հարկային տեսչությունների ու մաքսատների միջեւ թղթային տարբերակով ստացվող եւ ուղարկվող փաստաթղթաշրջանառությունը, ինչպես նաեւ փոստային ծառայությունների ընդունումը: ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից քաղաքացիների ընդունելության կազմակերպման գործառույթը եւս վերապահված է նորաստեղծ կենտրոնին: Սպասարկման սրահը նաեւ տեղեկատվություն կտրամադրի հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնի կողմից իրականացվող գործառույթների շրջանակում հարկային, մաքսային օրենսդրության եւ վարչարարության վերաբերյալ: Տեղեկատվություն կտրամադրվի նաեւ համակարգի թափուր պաշտոնների մրցույթների վերաբերյալ, ինչպես նաեւ կընդունվեն մրցույթի մասնակիցների  փաստաթղթերը: ՊԵԿ սպասարկման սրահ կարող են դիմել նաեւ էլեկտրոնային հաշվետվություններ ներկայացնող հարկ վճարողները: Կենտրոնը նաեւ կիրազեկի ՊԵԿ-ի կողմից կազմակերպվող դասընթացների մասին, ինչպես նաեւ հարկային եւ մաքսային օրենսդրության վերաբերյալ տեղեկատուներ եւ այլ գրականություն այստեղ կտրամադրվի քաղաքացիներին: Հարկային եւ մաքսային վարչարարությամբ պայմանվորված` ՊԵԿ վերադաս մարմնի կողմից հարկ վճարողների, քաղաքացիների սպասարկման այլ գործառույթներ եւս վերապահված են նորաստեղծ կառույցին: