ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ամանորի եւ Սուրբ Ծնունդի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որտեղ ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, առջեւում Ամանորն է` տարեսկզբի ազդարար տոնը, որը լի է հույսերով եւ սպասելիքներով: Իսկ տարեվերջն այն ավանդական պահն է, երբ ամփոփում ենք կատարած աշխատանքը եւ նախատեսում գալիք տարվա անելիքը:

2009 թվականը ծանրաբեռնված աշխատանքի տարի էր, որը կշարունակվի 2010 թվականին: Ակնհայտ է, որ միայն տարիների հետեւողական աշխատանքի շնորհիվ կկարողանանք կյանքի կոչել բոլոր այն գաղափարները, որոնք ընդգրկված են մեր ծրագրերում: Միայն այդ ճանապարհով ենք կարող արձանագրել երկարաժամկետ հաջողություն, որը կլինի տեսանելի եւ շոշափելի մեր երկրի բոլոր քաղաքացիների համար:

Այս տարին լի էր մարտահրավերներով, որոնց հաղթահարման ուղղությամբ լուրջ եւ մեծածավալ աշխատանք իրականացվեց: Իհարկե, ոչ ոք անսխալ չէ: Մենք էլ չենք կարողացել խուսափել թերություններից: Սակայն դրանից պետք չէ հուսահատվել: Ընդհակառակը` պետք է դասեր քաղել եւ կրկնապատկել մեր եռանդն ու վճռականությունը: Վստահ եմ, որ մենք աստիճանաբար լուծելու ենք մեր առջեւ դրված բոլոր խնդիրները: Ամեն նոր տարին նոր մեկնարկի հնարավորություն է, ուստի եւ պետք է լինի ավելի լավը, քան նախորդը:

Սիրելի հայրենակիցներ, ի սրտե, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս այս հրաշափառ տոների առթիվ` մաղթելով ձեզ եւ ձեր ընտանիքներին համերաշխություն, խաղաղություն, երջանկություն եւ բարեկեցություն:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»: