Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին ամփոփել է տարվա արդյունքներն ու նշել ապագայի գերակայությունները: Ինչպես այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Գիլաուրին, անցնող տարին հաջող էր էներգետիկ հատվածի համար՝ Վրաստանը էլեկտրաէներգիա է արտահանել միանգամից 4 երկիր՝ Ռուսաստան, Ադրբեջան, Թուրքիա եւ Հայաստան: 2009թ. սկսվել են մի քանի ՀԷԿ-երի շինարարություն:

«Սա առաջին տարին է, երբ մենք սկսել ենք նոր հիդրոէլեկտրակայաններ կառուցել»,- նշել է նա: Վարչապետի խոսքով, հաջողություններ են գրանցվել նաեւ բնակչության գազիֆիկացման գործում, բնական գազի սպառողներ են դարձել 87 հազար նոր բաժանորդներ: Նա նշել է նաեւ ճանապարհների ռեկորդային վերանորոգումը: Նրա խոսքով, 7000 կմ ճանապարհից վերականգնվել է մոտ 1000 կմ-ը:

Վրաստանի վարչապետը նշել է, որ որոշակի հաջողություններ են գրանցվել գյուղատնտեսության մեջ, որի ծրագրերի իրականացման համար ներդրվել է շուրջ 20 մլն լարի, իսկ եկող տարի նախատեսվում է կրկնապատկել այդ գումարը: