Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Հայաստանի նախագահ, Հայաստանի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ավանդական այցով եղել է մեր երկրի պաշտպանական դիրքերում:

Նա նախ այցելել է սահմանամերձ Այգեհովիտ գյուղ, զրուցել այգեհովիտցիների հետ, շնորհավորել նրանց գալիք տոների կապակցությամբ, հետաքրքրվել սահմանամերձ բնակավայրերի խնդիրներով: Սերժ Սարգսյանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ սահմանամերձ բնակավայրերն ու նրա բնակիչները մեր երկրի սահմանների բնական պաշտպաններն են եւ շարունակելու են մնալ պետության առանձնակի ուշադրության կենտրոնում:

Սերժ Սարգսյանն այնուհետեւ այցելել է պաշտպանական դիրքեր, պաշտպանական հենակետերում հետեւել մարտական հերթապահության կազմակերպմանը, զրուցել զինծառայողների հետ, ծանոթացել նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին: Ծառայության ընթացքում իրենց պարտաճանաչությամբ, խիզախությամբ եւ անձնվիրությամբ աչքի ընկած մեկ տասնյակ զինվորների Սերժ Սարգսյանը պարգեւատրել է ժամացույցներով:

Հայաստանի նախագահը շնորհավորել եւ բարեմաղթանքներ է հղել մեր բանակի բոլոր զինծառայողներին` Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, շնորհակալություն հայտնել նրանց անձնվեր ծառայության համար: Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարը բաժակ է բարձրացրել մեր Զինված ուժերի համար: