Համայն Ռուսիո եւ Մոսկվայի պատրիարք Կիրիլը կայցելի Վրաստան: Այդ մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին հայտնել է Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնի ղեկավար, Վոլոկոլամի արքեպիսկոպոս Իլարիոնը: Նրա խոսքով, այցը կկայանա՝ չնայած երկու երկրների միջեւ առկա տարաձայնություններին: Եկեղեցական գործերը կապ չունեն քաղաքականության հետ եւ, ընդհակառակը, հենց եկեղեցին է, որ «միավորում է ռուս եւ վրացի ժողովուրդները»:

Իլարիոնն ընդգծել է, որ կղերականությունը չի կարող խառնվել քաղաքականության մեջ եւ թելադրել քաղաքական առաջնորդներին՝ ինչպես վարվել: «Այն, ինչ նրանք արեցին, կմնա իրենց խղճին,- ասել է արքեպիսկոպոսը,- բայց մենք կարող ենք անել ամեն ինչ, որ պահպանվեն եւ ամրանան Ռուսաստանի եւ Վրաստանի ժողովուրդների կապերը, որ հավատի միասնությունը, պահպանվի»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանն ու Վրաստանը վերացրին դիվանագիտական կապերը 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո: Դեկտեմբերի վերջին Ռուսաստանը եւ Վրաստանը եկեղեցական դեսպաններ են փոխանակել՝ Մոսկվայի պատրիարքությունն առաջին անգամ Վրաստան է ուղարկել իր հոգեւորականին ռուսական թեմի հետ աշխատելու համար: