Ամանորին Հայաստանը լուրջ վնասներ է կրել բնության արհավիրքների պատճառով: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Սառնաղբյուր գյուղում գրանցված ուժեղ քամու հետեւանքով վնասվել է 5 տան տանիք:

Նույն ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում գրանցված ուժեղ քամու հետեւանքով վնասվել են Մարտունու քաղաքապետարանի, մանկապարտեզի, մշակույթի պալատի, կենտրոնական հիվանդանոցի, 3 կազմակերպությունների, 4 բնակելի շենքերի, 18 առանձնատների տանիքներ` 3045 քմ ընդհանուր մակերեսով եւ 50 էլեկտրասյուն:

Գավառ քաղաքում վնասվել է 75 քմ մակերեսով անասնագոմի տանիք, Վաղաշեն գյուղում` 14 տան տանիք` 775 քմ ընդհանուր մակերեսովա; Բացի այդ` քամին քշել-տարել է 2 տոննա խոտ:

Հունվարի 2-ին Սյունիքի մարզում գրանցված ուժեղ քամու հետեւանքով վնասվել է Կապանի թիվ 13 դպրոցի տանիքը` 108 քմ մակերեսով:

Հունվարի 2-3-ը Գեղարքունիքի մարզում գրանցված ուժեղ քամու հետեւանքով վնասվել են Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 125 տան, Երեւանյան փողոցի թիվ 13 եւ 24 շենքերի, Սայաթ-Նովա փողոցի թիվ 39 շենքի տանիքները` 287 քմ ընդհանուր մակերեսով:

Հունվարի 3-ին, ժամը 10.15-ին ահազանգ է ստացվել, որ Սելիմի լեռնանցքում ձնաբքի հետեւանքով ճանապարհին ավտոմեքենաներ են մնացել: «Ճանշին» ՓԲԸ-ի ուժերով ճանապարհի անանցանելի հատվածից դուրս է բերվել ՊՆ զինվորական անձնակազմ տեղափոխող ավտոմեքենան: Վայոց ձորի մարզում փրկարարների ուժերով ճանապարհի անանցանելի հատվածից դուրս է բերվել «Գարիկ տրանս»ՍՊԸ-ին պատկանող տաքսի ծառայության ավտոմեքենան:

Ի դեպ, զարմանալիորեն ողջ Ամանորին (նաեւ դրանից առաջ) Երեւանում որեւէ մթնոլորտային տեղում կամ քամի չէ եղել, եւ ընդամենը մի քանի ժամով թեթեւ ձյուն է տեղացել, այն էլ բարձրադիր հատվածներում: