Պոլսո Հայոց պատրիարքարանի աթոռակից պատրիարքի ընտրության համար իրենց թեկնածությունն են առաջադրել երկու հոգեւոր առաջնորդներ:
Թեկնածուներից մեկը Հայաստանի Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանն է, մյուսը` Գերմանիայի հայերի հոգեւոր առաջնորդ Գարեգին եպիսկոպոս Բեկչյանը. երկուսն էլ ծնվել են Թուրքիայում: Երկու եպիսկոպոսները դրական են պատասխանել Պոլսո Հայոց պատրիարքարանի նամակին, որը հղվել էր վեց հոգեւոր առաջնորդների` պարզելու, թե արդյոք նրանք մտադի՞ր են առաջադրվել ու մասնակցել աթոռակից պատրիարքի ընտրությանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի հայ համայնքը պաշտոնապես դիմել էր Ստամբուլի իշխանություններին Պոլսո Հայոց պատրիարքարանի համապատրիարքի ընտրություններ անցկացնելու թույլտվություն ստանալու համար, քանի որ Թուրքիայի հայ համայնքի հոգեւոր առաջնորդ` Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը հիվանդ է եւ չի կարողանում լիարժեք կատարել իր պարտականությունները։
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, ընտրություններին մասնակցելու են Ստամբուլի հայ համայնքի ավելի քան 50 հազար անդամներ։ 54–ամյա Մեսրոպ պատրիարքը մինչեւ մահը պահպանելու է իր տիտղոսը, բայց, քանի որ ըստ հաղորդագրությունների, նա հիվանդ է ծերունական թուլամտությամբ, անհրաժեշտություն է առաջացել համապատրիարք ընտրել, ով իր պարտականությունները կսկսի կատարել ընտրությունից 40 օր հետո: Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ համապատրիարքի ընտրություններ անցկացվում են երկրորդ անգամ:




























