Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Բազե 2012» համահայկական երիտասարդական հավաքի հաղթող Նարնջագույն ճակատի «Երեւան» ջոկատին:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ շնորհավորելով հաղթողներին՝ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել համարձակ մասնակցության եւ հաղթանակի ակնկալիքներն արդարացնելու համար: «Երեւան» ջոկատի անդամներին քաղաքապետը հրավիրել է ներգրավվելու եւ մասնակցելու Երեւանի երիտասարդական խորհրդի գործունեությանը:

«Իմ խորին համոզմամբ՝ երիտասարդությունը պետք է լայնորեն ներգրավված լինի նաեւ քաղաքային նշանակության ծրագրերի քննարկման ու դրանց իրականացման գործում: Կարող եմ վստահեցնել, որ Երեւանի քաղաքապետարանը մշտապես կաջակցի բոլոր այն առողջ նախաձեռնություններին, որոնցով հանդես կգաք դուք եւ ձեր ընկերները»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Բազե 2012»-ի «Երեւան» ջոկատի ղեկավար Գոշ Սարգսյանը ներկաների անունից շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության եւ ցուցաբերած ուշադրության համար, նշել է, որ երիտասարդներն իսկապես պատրաստակամ են մասնակցելու համաքաղաքային ծրագրերի իրականացմանն ու վստահեցրել է, որ առաջիկայում կփորձեն գործով ապացուցել այդ պատրաստակամությունը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Բազե 2012» համահայկական երիտասարդական հավաքի ինտելեկտուալ, մարզական ու մշակութային բոլոր մրցույթներում ներճակատային, ապա եւ բացարձակ առաջատար դարձած «Երեւան» ջոկատի անդամներին պարգեւատրել է Երեւանի քաղաքապետի պատվոգրերով՝ 10-րդ հոբելյանական հավաքում գերազանց արդյունք ցուցաբերելու համար: