Մալազիայի մայրաքաղաք Կուալա-Լումպուրում ուրբաթ երեկոյան, մահմեդական համայանքի կազմակերպած բողոքի ակցիայի նախօրեին, հարձակման են ենթարկվել 3 քրիստոնեական եկեղեցիներ։

Associated Press-ի հաղորդմամբ, հարձակումը տեղի է ունեցել կեսգիշեից հետո։ Հրկիզման արդյունքում Metro Tabernacle եկեղեցին վնասվել է, իսկ կառույցի վարչական հատվածն ամբողջությամբ ավերվել։

Մնացած երկու եկեղեցիների վրա հարձակումը եղել է մի քանի ժամ անց։ Եկեղեցու պատուհաններից ներս են նետել այրվող շշեր։ Երկու դեպքում էլ լուրջ կորուստներ չեն եղել։

BBC Russia-ի տեղեկություններով, ոստիկանությունը դեպքի վայրում հայտնաբերել է կարեւոր հանցանշաններ, այդ թվում՝ լքված մոտոցիկլետ։

Մալազիայում միջկրոնական հակամարտության բռնկման պատաճառը դարձել է Գերագույն դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 31-ի որոշումը, որով քրիստոնյաներին եւ ուրիշ դավանանքի ներկայացուցիչներին թույլ են տվել «աստված» բառի նշանակությունն արտահայտելու համար օգտագործել «ալլահ» բառը։

Մահմեդականները, որոնք կազմում են այդ երկրի բնակչության 60 տոկոսը, քրիստոնյաներին մեղադրել են, որ այդ բառի շնորհիվ նրանց փորձում են քրիստոնեացնել մահմեդականներին։