Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Լոռիի մարզային կենտրոնը Վանաձորի Խանդակ թաղամասում նախաձեռնել է Ազատամարտիկների պուրակի հիմնումը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Նախատեսվում է սեպտեմբերին մաքրել տարածքը, դնել պուրակի հիմքը, կառուցել տաղավար, տեղադրել ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքար։ Հետագայում պուրակում կկառուցվեն խաղահրապարակներ, կտեղադրվեն մանկական կարուսելներ։ Պուրակի կառուցմանը կմասնակցեն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կամավորները, թաղամասի բնակիչները: Վանաձորում Ազատամարտիկների պուրակի կառուցման ծրագիրը Հայաստանի երիտասարդական հիմնադրամն իրականացնում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում։
Նշենք, որ Խանդակը Վանաձորի ամենախիտ բնակեցված թաղամասերից է. այն ունի մոտ 6000 բնակիչ։ Արցախյան հերոսամարտի ժամանակ այս թաղամասից զոհվել է 7 մարդ:




























