Հայաստանի հանդեպ մեր քաղաքական ժեստերում մենք երբեք ժլատ չենք եղել: Այդ մասին Ֆրանսիայում հրապարակված իր հոդվածում հայտարարել է Թուրքիայի պետնախարար, Թուրքիա- ԵՄ բանակցություններում պատվիրակության ղեկավար Բաղըշը` գնահատելով Թուրքիա-Հայաստան հարաբերությունները:
«Հայաստանի հանդեպ մեր քաղաքական ժեստերում մենք երբեք ժլատ չենք եղել: Ես ցանկանում եմ հիշեցնել, որ Թուրքիան հայաստանյան ինքնաթիռներին թույլ է տալիս վայրէջք կատարել Ստամբուլում, 100 հազար հայ քաղաքացիների, չնայած անօրինական ձեւով, այնուամենայնիվ թույլ է տալիս ապրել եւ աշխատել Թուրքիայում: Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ Շվեյցարիայում ստորագրված արձանագրությունների համաձայն թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը մեկնեց Երեւան ֆուտբոլային խաղ դիտելու համար, իր հերթին Հայաստանի նախագահը ժամանեց Բուրսա նույնպես ֆուտբոլային խաղ դիտելու նպատակով: Այսպիսով մեր երկրների միջեւ աննախադեպ առաջընթաց գրանցվեց»,-նշել է նա, հաղորդում է թուրքական Haber7-ը:
Հիշեցնենք, որ Հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել են 2009 թ. հոկտեմբերին Ցյուրիխում: Սակայն դրանց վավերականացման գործընթացը կասեցվել է Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշման պատճառով: 2011 թ. օգոստոսին Անկարան հանեց արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանի օրակարգից:




























