Եղեգնաձորի 29-ամյա բնակիչ Անդրանիկ Սաֆարյանը վարձակալել է «Աղավնաձորի Շուկա» կոչվող տարածքում գտնվող բաղնիքների եւ ցնցուղարանների համար նախատեսված հանրային հաստատությունը` սաունան, եւ գիտակցաբար այն ծառայեցրել նաեւ պոռնկության նպատակով` այդ կերպ մրցակցային դաշտում հաճախորդներին գրավել դեպի իր հաստատություն:

NEWS.am-ը Եղեգնաձորի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացավ, որ սույն գործը քննվում է իրենց մոտ: Անդրանիկ Սաֆարյանը 2012թ. փետրվարի 1-ից մինչեւ մայիսի 1-ը ընկած ժամանակահատվածում շահադիտական նպատակներով նշված հաստատությունը պարբերաբար տրամադրել է Համեստ Ստեփանյանին, Սոնա Կիրակոսյանին եւ Վարսենիկ Մարգարյանին, ովքեր հաճախորդների հետ դրամական վարձատրության դիմաց զբաղվել են պոռնկությամբ, իսկ ինքը այդ կերպ հաճախորդներին գրավել է դեպի իր հաստատություն, նրանց է տրամադրել սաունան, կազմակերպել առեւտուր` ստանալով գույքային օգուտ: Դատական քննությունը նշանակվել է սեպտեմբերի 18-ին: Մինչ այդ Անդրանիկ Սաֆարյանը  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 261-րդ  հոդվածի  2-րդ  մասի, 5-րդ կետով ` շահադիտական նպատակով այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն ներգրավվելը եւ նույն արարքը, որը կատարվել է 2 կամ ավելի անձանց նկատմամբ: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ՝ 3-6  տարի ժամկետով: 

Հ.Գ Գործում ներգրավված  անձանց անուն ազգանունները փոխված ենք ներկայացրել: