Հունվար-հուլիսի արդյունքներով` առեւտրային բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից ստացված ոչ առեւտրային բնույթի տրանսֆերտների ծավալը գերազանցել է 840 մլն դոլարի շեմը, եւ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 8,8%-ով:
Նշենք, որ տրանսֆերտների մասով ռեկորդային է եղել 2008թ-ը` ավելի քան 1,6մլրդ դոլար: Ցուցանիշի վրա երկու գործոն է անդրադարձել. առաջինը կապված է աշխատանքային միգրացիայի մասշտաբների, երկրորդը` բանկային փոխանցումների համակարգի կատարելագործման հետ:
Ներկայումս յոթ ամսվա արդյունքներով մենք կարծես մոտենում ենք 2008թ-ի ցուցանիշներին` ետ մնալով 2,2 տոկոսային կետով:
Տրանսֆերտների տնտեսական ասպեկտին անդրադառնալով` պետք է նշել, որ վերջիններիս կառուցվածքում նկատելիորեն ավելացել է Ռուսաստանի մասը: Եթե 2008թ. այդ երկրից ստացվել էր տրանսֆերտների ընդհանուր ծավալի 82,2%-ը, ապա ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշն աճել է 2,0 տոկոսային կետով` կազմելով 84,2%:
Դրամային համարժեքով ընթացիկ տարվա հունվար-հուլիսին տրանսֆերտների ծավալը կազմում է 333,9 մլրդ դրամ, ինչը 26,8%-ով բարձր է 2008թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Խնդիրն այն է, որ այս ժամանակատվածում դոլարն ամրապնդվել է 29,5%-ով:
Ինչպիսի՞ դեր ունեն տրանսֆերտները Հայաստանի տնտեսության համար: Այս հարցին պատասխանելու համար դրամային փոխանցումների գումարը համադրենք մանրածախ առեւտրաշրջանառության եւ վճարային ծառայությունների հանրագումարի հետ: Ընթացիկ տարվա հունվար-հուլիսին այդ հարաբերակցությունը կազմում է 28,2%:
Այսպիսով, եթե տնային տնտեսությունների կողմից ստացված տրանսֆերտների գումարն ուղղվեր ապրանքների եւ ծառայությունների գնմանը, ապա դրանք կապահովեին մանրածախ ապրանքաշրջանառության եւ ծառայությունների ծավալի քառորդ մասից ավելին:
Նշենք, որ 2008թ. հունվար-հուլիսին այդ հարաբերակցությունը մի փոքր ավելին էր` 29,6%, թեեւ դոլարի փոխարժեքը նվազագույն մակարդակի վրա էր` 306,84 դրամ: Հնարավոր է, որ անդրադարձել է միջին ամսական անվանական աշխատավարձի (հետազոտվող փուլում` 33,0% աճ), ինչպես նաեւ Հայաստանում միջին դասի բարեկեցության մակարդակի աճը:




























