Երեկ բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողները  Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ կազմակերպել էին իրենց հերթական բողոքի ակցիան։ Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։

«Խորհրդարան մտնող պատգամավորներից միայն Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, մոտեցավ նրանց ու խոստացավ իբրեւ ԱԺ պաշտպանության ու ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ զբաղվել ծնողների բարձրացրած հարցերով։  Ծնողները ակցիան իրականացնելուց հեո իրենց դիմում-նամակը հանձնեցին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, իսկ նամակի կրկնօրինակները՝ բոլոր հանձնաժողովներին։ Նամակում ի մասնավորի ասված է.

«...Մենք՝ ներքոստորագրյալներս, պահանջում ենք ստեղծել ժամանակավոր հանձնաժողով՝ ԱԺ հինգերորդ գումարմանպատգամավորներից, պատգամավորական վեց խմբակցություններից, ինչպես նաեւ շահագրգիռ անձանցից։ Պահանջում ենք ներկայացուցիչներ ներգրավել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։ Որդեկորույս ծնողներս ակնկալում ենք արդարության վերականգնում»։ Դիմում-նամակը ստորագրել են բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մեկ տասնյակից ավելի ծնողներ»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։