Փոքրիկ Աշոտն ու Գեղամը (անունները փոխված են) փոքր տարիքից երազում են  կուշտ փորով քնելու մասին: Ապրելով աղքատ ընտանիքում` երեխաները ոչ միայն չքավորություն են տեսել եւ քաղցած քնել, այլ նաեւ ականատես եղել, թե ինչպես են իրենց պապիկն ու հայրը ծեծում իրենց մորը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց նրանց մայրը Կիմա Ներսիսյանը (անունը փոխված է):

Կիմայի խոսքով, իր ամուսինը շատ խանդոտ է եւ անհիմն կասկածներ ունի իր նկատմամբ եւ արգելում է նրան անգամ բակ դուրս գալ: « Ինձ ասում է, որ աչքերս կհանի, եթե համարձակվեմ  նայեմ ինչ-որ մի տղամարդու, ու ես հավատում եմ, որ կանի, նրանք սովոր են, ընդունակ են»,-նշեց Կիման: Նա պատմեց, որ ամուսնու 2 եղբայրներն էլ ամուսնացած են, եւ երկուսն էլ անհիմն կասկածներ ունեն իրենց կանանց նկատմամբ, որոնց ենթարկում են ֆիզիկական եւ հոգեբանական, ինչպես նաեւ տնտեսական բռնության: Ավելին` դիտավորյալ կերպով հաց չեն տալիս կանանց ու երեխաներին:

Կինը մի քանի ամսով փախել է տնից, ամուսնուց, նրա եղբայրներից եւ սկեսրայրից: Այդ ամիսների ընթացքում երեխաները մնացել են հոր խնամակալության տակ: Իսկ կասկածամիտ ամուսինը նույնիսկ հաց չի տվել երեխաներին, քանի որ միշտ կասկածել է, որ երեխաներն իրենը չեն: «Դա է նաեւ պատճառը, որ տղաներիս, երբ հարցնում են, թե ինչ են ասում են, որ երազում են ապրել մի տան մեջ, որի պատերը հացից լինեն, իսկ տանիքը` պանրից»:

Տեսնելով Կիմայի անելանելի վիճակը նրա ծանոթները խորհուրդ են տալիս դիմել Կանանց իրավունքների կենտրոն: Կիման հետեւել է ծանոթների խորհրդին դիմում կենտրոն եւ տեղափոխվում ապաստարան: Դժվարությամբ, բայց նրան եւ երեխաներին կենտրոնին հաջողվել է դուրս բերել այդ ծանր իրավիճակից:

Հ.Գ. Բոլոր այն կանայք, ովքեր ենթարկվում են ֆիզիկական, տնտեսական կամ հոգեբանական բռնության օգնություն ստանալու համար կարող են դիմել Կանանց իրավունքների կենտրոնի անվճար հետեւյալ թեժ գծին` 54 28 28: