Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում 23-ամյա Տ.Բ-ն փորձել է բռնաբարել եղբոր կնոջը, սակայն տուժողի սկեսուրը վրա է հասել եւ կանխել սպասվելիք բռնաբարությունը: Ավելին` դատաքննության ընթացքում պարզվել է, որ նրանք երկար ժամանակ են սիրային կապի մեջ եղել, իսկ նամակագրական կապը միմյանց հետ պահել են արդեն դատապարտվածի կնոջ միջոցով: Գեղարքունիքի մարզի Ճամբարակի ընդհանուր իրավասության դատարանից  տեղեկացանք, որ սույն գործը քննվել է իրենց մոտ: Դեպքը տեղի է ունեցե դեռեւս 2011թ-ին, սակայն դատավճիռը կայացվել է 2012թ-ին:

Ամբաստանյալ Տ.Բ-ն  գործի նախաքննության ընթացքում ցուցմունքներ է տվել, որ շուրջ երեք տարի սիրահարված է եղել իր եղբոր կնոջը` տուժողին: Վերջինիս կամքով ինտիմ կապի մեջ է գտնվել նրա հետ, որի մասին ժամանակի ընթացքում իմացել են նաեւ համագյուղացիները: Հետագայում, երբ ամուսնացել է, իր եւ տուժողի կապը խզվել է, քանի որ վերջինս հրաժարվել է կապ ունենալ իր հետ: Կապը պաշտպանելու համար ինքն ընտրել է նամակագրության տարբերակը եւ ձեռքով գրված երկու նամակ, իր կնոջ միջոցով, ուղարկել է տուժողին: Նամակներում առաջարկել է նորից միասին լինել, քանի որ հակառակ դեպքում «բանը-բանից կանցնի»: Երկու դեպքում էլ տուժողը պատասխան նամակ է գրել, ու դարձյալ ամբաստանյալի կնոջ հետ ուղարկել իրեն: Տուժողի հեռու մնալու փաստը ժամանակի ընթացքում սկսել է անհանգստացնել եւ նրա հետ սեռական հարաբերություն ունենալու մեծ ցանկություն առաջացնել տղամարդու մոտ: Համոզված լինելով, որ տուժողը կամավոր սեռական հարաբերություն չի ունենա, որոշել է նրա հանդեպ ունեցած իր սեռական կիրքը հագեցնել բռնաբարության ձեւով: Այդ նպատակով, նախապես իմանալով, որ եղբայրը տան չէ, մոտեցել է նրանց տանը եւ նկատել, որ տուժողը զբաղված է լվացք անելով: Մոտեցել է տուժողին, բռնել նրա մազերից եւ քարշ տալով նրան տարել է տան հարակից կիսաքանդ սենյակ: Բռնաբարությանն ականատես չլինելու նպատակով բղավել եւ պահանջել է, որպեսզի իրենց հետեւող կինը հեռանա, որից հետո տուժողին գցել է գետնին, մեկ-երկու անգամ բռունցքով հարվածել նրան` ասելով, որ բռնաբարելու է: Տուժողը սկսել է ճչալ, օգնություն խնդրել եւ առաջարկել է իջնել նրա վրայից: Աղմուկից եւ կողմնակի անձանց մոտենալուց խուսափելու նպատակով ձեռքով փակել է տուժողի բերանը, փորձել հանել իր եւ կնոջ հագուստները, սակայն դեպքի վայր են եկել տղայի մայրը, եւ փոքր եղբայրը: Դեպքի պահին մոր եւ եղբոր գալուստն է միայն պատճառ հանդիսացել, որ չի կարողացել ավարտին հասցնել բռնաբարությունը:

Տուժող Մ.Պ-ն էլ գործի նախաքննության ընթացքում ցուցմունքներ է տվել, որ շուրջ հինգ տարի ամուսնացած է Հ. Բ-ի հետ, հանդիսանում է ընտանիքի օրինավոր ու բարոյական մայր, համատեղ կյանքում ունեն երկու երեխա: Վերջին չորս տարիների ընթացքում հասկացել է, որ իր ամուսնու եղբայրը, որպես տղամարդ, անտարբեր չէ իր նկատմամբ եւ երկու երեխա ունենալուց հետո ինտիմ կապ է հաստատել ամբաստանյալի հետ: Իսկ երբ վերջինս ամուսնացել է,  ինքը խզել է կապը, քանի որ գյուղում արդեն խոսակցություններ են տարածվել եւ բացի այդ դադարել է սիրել նրան: Այդ մասին մի քանի անգամ ինքը հակիրճ բովանդակությամբ նամակներ է գրել ամբաստանյալին` պահանջելով այլեւս չանհանգստացնել, չզանգահարել ու չայցելել իրեն եւ որեւէ առաջարկ չանել ինտիմ կապի մասին: Ամբաստանյալը  իր կնոջ միջոցով երկու անգամ նամակ է ուղարկել իրեն, որոնցում պահանջել է չկտրել կապը եւ սեռական հարաբերություն ունենալ նրա հետ հակառակ դեպքում նա կբռնաբարի իրեն: Տուժողը ամբաստանյալի կնոջ միջոցով, պատասխան նամակներ է ուղարկել խնդրելով հեռանալ եւ հանգիստ թողնել իրեն, քանզի չի ցանկանում որեւէ կապ ունենալ նրա հետ: Ամբաստանյալի նամակների բովանդակության մասին հայտնել է նաեւ նրա կնոջը խնդրելով ազդել ամուսնու վրա եւ փոխանցել նրան, որ իրեն բռնաբարելու ծրագրեր չմշակի:

Ի դեպ, դատաքննության ընթացքում տուժողն ու ամբաստանյալը մի քանի անգամ փոխել են իրենց ցուցմունքները: Սակայն դատաքննության ընթացքում դատարանը վճռել է Տ.Բ.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով եւ այդ հոդվածի սանկցիայով նրան դատապարտել ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով:

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը