Աստղիկի (անունը փոխված է) ամուսինը նրա հետ ամուսնության 5 տարիների ընթացքում պարբերաբար դավաճանել է կնոջը առաջին կնոջ հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Աստղիկը: Նրա խոսքով, իրենից տարիքով մեծ ամուսինը իրեն փախցրել է եւ  ինքը ամուսնու երկրորդ կինն է:

Աստղիկը համաձայնվել է ամուսնանալ  նրա հետ իր հայրական ընտանիքում տիրող մթնոլորտից դրդված կարծելով, որ էլ ավելի վատ չի կարող լինել: Սակայն հայրական ընտանիքում առկա բռնությունը շարունակություն է ստացել ամուսնու տանը: Ամուսինը հարաբերություն է պահպանել նախկին կնոջ հետ եւ էմոցիոնալ ջերմ կապվածություն է զգացել նրա նկատմամբ, որը բերել է բացահայտ  դավաճանության: Կինը ամուսնու կողմից եղել է չսիրված, արհամարհված, գործիք՝ նախկին կնոջը սեփական տղամարդկությունը ապացուցելու համար: Կինը իրավունք չի ունեցել քնել ամուսնու հետ նույն անկողնում, լավագույն դեպքում մահճակալից  ոչ հեռու, գետնի վրա: Առաջին երեխային վիժել է ծեծի հետեւանքով, իսկ երկրորդով հղիանալուց հետո այլեւս ոչ մի սեռական հարաբերություն չի ունեցել 5 ամուսնական տարիների ընթացքում: Սկեսուրը նույնպես բազմաթիվ զրկանքների է ենթարկել հարսին: Սեփական ծնողներից չստանալով ոչ մի աջակցություն, ավելին` մանկությունից ունենալով անպաշտպանվածության, անօգնականության զգացում, կինը ստիպված է եղել համակերպվել այս ամենի հետ` բացառելով հայրական տուն վերադառնալը:

Աստղիկը դիմելով Կանանց իրավունքների կենտրոն ստացել է հոգեբանական եւ իրավական աջակցություն եւ 10 ամիս անց շահել երեխայի խնամակալությունը: Ամուսինը դիմել է վերաքննիչ  դատարան` բողոքարկելու դատարանի կողմից արդեն իսկ կայացրած ՝ երեխայի խնամքը մորը հանձնելու որոշումը, եւ մինչ վերաքննիչ դատարանը վճիռ կկայացնի ամուսինը, սկեսուրը, սկեսրայրը հետապնդում են կնոջը, պարբերաբար այցելում նրան եւ սպառնում առեւանգել որդուն, քանի դեռ վերջնական չի լուծվել երեխայի խնամքի հարցը: 

Հ.Գ. Բոլոր այն կանայք, ովքեր ենթարկվում են ֆիզիկական, տնտեսական կամ հոգեբանական բռնության օգնություն ստանալու համար կարող են դիմել Կանանց իրավունքների կենտրոնի անվճար հետեւյալ թեժ գծին` 54 28 28: