Իսրայելում Թուրքիայի դեսպանին ավելի ցածր աթոռին նստեցրած ԱԳ փոխնախարար Դանի Այալոյի մեկ օր առաջ Թուրքիայից պաշտոնապես ներողություն խնդրելուց հետո Իսրայելի ԱԳՆ-ը կրկին սկանդալային հայտարարություն է արել։
Թուրքական Iha կայքէջի փոխանցմամբ՝ Իսրայելի արտգործնախարարության հայտարարության մեջ նշվում է, որ փոխնախարար Այալոնի պահվածքը օգտակար է եղել, քանի որ Թուրքիան այսուհետ ուշադրություն կդարձնի իր արտահայտություններին։ Իսրայելի փոխնախարար Այալոնը նշել է, որ Թուրքիայի դեսպանին նստեցրեցինք ավելի ցածր աթոռին, որ իր տեղը իմանա։
NEWS.am-ը հիշեցնում է, որ հունվարի 11-ին Իսրայելի ԱԳ փոխնախարար Դանի Այալոն հրավիրել էր Իսրայելում Թուրքիայի դեսպանին եւ հանդիպման ժամանակ նրան նստեցրել ավելի ցածր աթոռի վրա, Իսրայելի բողոքը փոխանցել թուրք դեսպանին՝ թուրքական «Գայլերի հովտի որոգայթը» սերիալի դեմ, որտեղ իսրայելցի գործակալները ներկայացվում են որպես երեխաներ առեւանգողներ։ Այնուհետ դեսպանի հետ հիշյալ տեսարանի լուսանկարները տարածվել էին իսրայելական մամուլում, ինչը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել Թուրքիայում։ Թուրքական իշխանությունները պահանջեցին Իսրայելի կողմից պաշտոնական ներողություն։ Իսրայելը նախ ուղարկեց բացատրություն, որ Դանի Այալոն նպատակ չի ունեցել նսեմացնելու թուրք դեսպանին։ Սակայն սա չբավարարեց Թուրքիային։ Հունվարի 13-ի ուշ երեկոյան Անկարան ստացավ իր ուզած՝ Դանի Այալոնի կողմից ուղարկված պաշտոնական ներողությունը՝ Իսրայելում Թուրքիայի դեսպանի անունով, ուղերձի մեջ իսրայելցի պաշտոնյան թուրք դեսպանից եւ թուրք ժողովրդից ներողություն էր խնդրում իր արարքի համար։




























