Ճապոնական էլեկտրոնիկայի եւ կենցաղային տեխնիկայի արտադրող առաջատար Hitachi Ltd ընկերությունը տեղեկատվության «հավերժ» պահպանման միջոց է առաջարկել. օպտիկական կրիչների փոխարեն առաջարկվում է կվարցե ապակուց սկավառակներ կիրառել:
Ընկերության մասնագետների հավաստիացմամբ` լազերի օգնությամբ կվարցե ապակուց սկավառակի չորս շերտերին երկուական կոդի տեսքով ձայնագրված տեղեկատվությունը կարելի է պահպանել հարյուրամյակներ, եթե ոչ` հավերժ, հայտնում է «Օբոզրեւատելը»:
Կվարցե ապակուց սկավառակները մի քանի ժամ շարունակ դիմանում են մինչեւ 1000 աստիճան ցելսիուսի, ջրակայուն են, քիմիական ազդեցությունների ենթակա չեն: Տեղեկատվությունը դրանցում կպահպանվի այնքան, քանի դեռ ապակին չի կոտրվել, կարծում է ընկերության փորձագետ Տակաո Վատանաբեն:
Hitachi-ի ներկայացրած փորձնական տարբերակը 2 մմ հաստությամբ սկավառակ է`2x2 սմ չափսի: Չորս շերտերով արվող ձայնագրության ծավալը 40 մբ է` մեկ քառակուսի դյույմի վրա, հիշողության ծավալը մեծացնելու համար առաջարկվում է ավելացնել սկավառակի հաստությունը:





























