Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահի ժամանակավոր պաշտոնակար Նիկիտա Սիմոնյանը այսօր՝ հունվարի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում կոշտ քննադատության է ենթարկել Երեւանի «Փյունիկ» ակումբին եւ Հայստանի ֆուտբոլային պաշտոնյաներին:
«Մեզ մոտ տարակուսանք հարուցեց միայն „Փյունիկ“ թիմի վարմունքը: Անհասկանալի էր՝ դա հայկական, թե աֆրիկյան թիմ է: Նրանք չեն մասնակցում եվրագավաթներին, միեւնույն ժամանակ պահեստայիններին են ուղարկում մրցաշարին: Մենք խոսելու են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ: Դա անլուրջ մոտեցում է մրցաշարի նկատմամբ»,- ասել է Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ բացառապես նորեկ լեգեոներներից բաղկացած «Փյունիկը» «ԱՊՀ եւ Բալթյան երկրների Համագործակցության գավաթ-2009» մրցաշարի խմբային փուլի վերջին խաղում 6-1 հաշվով պարտվեց մոլոդովական «Դաչիա» թիմին: Ընդհանուր հաշվով «Փյունիկն» ընդունեց 11 գնդակ՝ փոխարենը խփելով միայն 3-ը:




























