ԱՊՀ երկրների մեջ համաշխարհային տնտեսական ճգնաժամից առավել շատ տուժել են Հայաստանը, Ռուսաստանն ու Ուկրաինան: Այդ մասին, ինչպես հայտնում է ՊՐԱՅՄ-ՏԱՍՍ-ը, նշել է ԱՊՀ Միջպետական վիճակագրական կոմիտեի նախագահ Վլադիմիր Սոկոլինը:

«Ճգնաժամը ցույց տվեց, որ 2009թ. ԱՊՀ-ն բաժանվել է երկու խմբի: Կան Ադրբեջանը, Տաջիկստանը, Ուզբեկստանն ու Ղըրղզստանը, որտեղ տնտեսությունն աճում է, մյուս երկրները զգալիորեն տուժել են ճգնաժամից»,- ասել է Սոկոլինը:

Նրա ներկայացրած տվյալներով՝ 2009թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի ՀՆԱ-ն կրճատվել է 18,3, Ռուսաստանինը՝ 9,9, Ուկրաինայինը՝ 15,9 տոկոսով, ընդ որում՝ պաշտոնական աշխատավարձը բոլոր երկրներում աճել է, բացի Ռուսաստանից եւ Ուկրաինայից: Դրական դինամիկա, ըստ Սոկոլինի, ցուցադրել է Ուզբեկստանի տնտեսությունը՝ 8 տոկոս՝ 2009թ. առաջին երեք եռամսյակների ընթացքում, Ադրբեջանը՝ 6,1 տոկոս, Տաջիկստանը՝ 2,7 տոկոս, Ղըրղզստանը՝ 2,9 տոկոս:

Խոսելով Ռուսաստանի մասին, նա նշել է, որ ճգնաժամից դուրս գալու մասին խոսելու հիմքեր չկան: Այժմ մենք գտնվում ենք ետընթացում, եւ քանի մյուս տնտեսությունները չեն աճել, մենք էլ չենք բարձրանա",- ասել է նա: