Հայաստանում արդեն երկրորդ անգամ պատրաստվում են վերանայել «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքը:

Առաջին անգամ օրենքն ընդունվել է 2004 թ. եւ ուժի մեջ մտել 2005 թ. հունվարից: 2008 թ. ընդունվել է օրենքի երկրորդ տարբերակը: Ներկայում մշակված է նաեւ երրորդ տարբերակը, որին հավանություն տալու մասին որոշումը ներառված է ՀՀ կառավարության հոկտեմբերի 18-ի նիստի օրակարգում:

«Փողերի լվացում» տերմինն առաջին անգամ շրջանառության մեջ է դրվել 20-րդ դարի առաջին կեսին ԱՄՆ-ում: Մաֆիոզ խմբավորումներն իրենց անօրինական եկամուտների ծագման աղբյուրը թաքցնելու համար դրանք խառնում էին օրինական ճանապարհով ստացվող եկամուտների հետ: Այդպես հիմնվում էին, օրինակ, լվացքատներ եւ ավտոլվացման կետեր, որոնցում կանխիկի մեծ շրջանառություն կա: Սակայն մեր օրերում փողերի լվացման համար օգտագործվում են առավելապես կազինոներն ու բանկային համակարգը:

Փողերի լվացման դեմ պայքարի առաջին քայլը այդ հանցագործության քրեականացումն է: Հայաստանը դա կատարեց 2003 թ., իսկ ահաբեկչության ֆինանսավորումը քրեական օրենսգիրք մտավ 2004 թ: Ըստ այդմ՝ «փողերի լվացում» տերմինը օգտագործելի է միայն այն ժամանակ, երբ եկամուտը ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով: Նվազագույն պատիժը 2 տարի է: Առավելագույն պատիժը 12 տարի է՝ եթե հանցագործությունը կատարվել է խմբակային, առանձնապես խոշոր չափերով (10 մլն դրամը գերազանցող) եւ պաշտոնական դիրքի չարաշահմամբ:

Ինչ վերաբերում է ահաբեկչության ֆինանսավորմանը, ապա այն կարող է իրականացվել եւ հանցավոր ճանապարհով ստացված եկամտով, եւ օրինական եկամուտներով: Ընդ որում՝ պատիժներն ավելի խիստ են, քան փողերի լվացնման դեպքում՝ 5-15 տարի:

Օրենքի նոր տարբերակը, որ ներկայացրել է ՀՀ կենտրոնական բանկը, մեր կարծիքով, ենթադրում է որոշ խստացումներ: Բավական է ասել, որ հարակից փոփոխություններ են նախատեսվում եւս 14 օրենքներով: Մասնավորապես՝ մաքսային օրենսգրքով առաջարկվում է սահմանել դրույք, ըստ որի՝ մաքսային սահման հատող անձը դրամական միջոցներն կամ արժեթուղթ հայտարարագրելիս պետք է նշի նաեւ դրանց ձեռքբերման աղբյուրը:

Նոր փոփոխություններն, ըստ էության, բխում են Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի (ՖԱԹՖ` Financial Aktion Task Force, միջկառավարական անկախ մարմին, որը զբաղվում է փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի քաղաքականություն մշակելով) հանձնարարականներից:

Սամվել Ավագյան