Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակչուհին հեռանալով տնից, գիշերել է գազալցակայանի սպասասրահում, իսկ երբ իրավապահները գտել են նրան, նա սպասասրահի աշխատակցին մեղադրել  իրեն բռնաբարելու մեջ: Ապարանի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ: Ս. Ա-ն տան անդամների հետ ունեցած խնդիրների պատճառով դուրս է եկել Արագածոտնի մարզի գյուղերից մեկում գտնվող իրենց տնից, պատահական տաքսի ավտոմեքենայով հասել Շենավան գյուղի խաչմերուկում գտնվող գազալցակայան: Մինչ լուսաբաց նա մնացել է  «Գեղամա ԱԿ» ՍՊԸ –ին պատկանող գազալցակայանի սպասասրահում, իսկ լուսաբացին հեռախոս է խնդրել գազալցակայանի աշխատակից Հ.Կ.-ից, զանգել եւ փորձել է հանդիպել ծանոթներից մեկին, ինչը չի ստացվել: Հեռախոսը վերադարձնելով Հ. Կ.-ին, կինը ճանապարհին ավտոմեքենա է կանգնեցրել եւ գնացել Երեւան:

Օրեր անց Աշտարակի բաժնի աշխատակիցների կողմից Արարատի մարզի Խարբերդ գյուղի տարածքից հայտնաբերվելուց հետո, Ոստիկանության Աշտարակի բաժնում կինը հաղորդում է տվել այն մասին, որ իբր Ապարանի տարածքի Շենավան գյուղի խաչմերուկում գտնվող գազալցակայանի վարչական շենքի սենյակում, նույն գազալցակայանի աշխատակից Հ. Կ.-ն իր կամքին հակառակ եւ բռնություն գործադրելով իր հետ սեռական հարաբերություն է ունեցել, դրանով չկատարած ծանր հանցագործության մեջ մեղադրել է Հ. Կ-ին, կատարելով սուտ մատնություն:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` սուտ մատնություն, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով: Սույն հոդվածը պատժվում է  ազատազրկմամբ առավելագույնը 5 տարի ժամկետով: Գործը դատարան է  ստացվել հոկտեմբերի 19-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: