Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հոկտեմբերի 26-ին վերջապես կայացել է «Օլիմպ» կոոպերատիվի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանի նոր հայցով դատական նիստը։ Հայցը ներկայացվել էր ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ «ԱՎՈ Ֆ. Մ. Գ. » ընկերության։ Ճիշտ է, տվյալ ընկերության ներկայացուցիչը, չներկայանալով դատարան, նամակ էր ուղարկել դատավոր Գայանե Կարախանյանին, որում խնդրում էր լսումները 2-3 շաբաթով հետաձգել, որպեսզի հնարավորություն ունենա ծանոթանալ գործի նյութերին։ Դատարանն իր հերթին նշել է, որ նյութերը համապատասխան կարգով կողմերին ուղարկվել են դեռեւս ամռանը։

Հիշեցնենք, որ իր նոր հայցում (դրանց ընդհանուր թիվը շուրջ 2 տասնյակ է), հայցվորի փաստաբան Տ. Հայրապետյանն ընդգծել էր պետության կողմից Հ. Ղուկասյանին տրվող փոխհատուցման հաշվարկման պայմանները վերանայելու անհրաժեշտությունը։

Քաղաքապետարանի ներկայացուցիչը, ով դատարան էր ներկայացել ուշացումով, նիստի հետաձգման անհրաժեշտություն չի տեսել։ Փաստաբան Տիգրան Հայրապետյանը միանշանակ հայտարարել է, որ լսումները հետաձգելու հակառակ կողմի փորձերը գործընթացը ձգձգելու նպատակ են հետապնդում։ Այդկերպ, դատական նախնական նիստը որոշվել է շարունակել։ Սակայն դատավորը հայցվոր կողմից լրացուցիչ փաստաթղթեր է պահանջել, որոնք վերջիններս չեն ունեցել։

Բանն այն է, որ Տ. Հայրապետյանը դատարանին ներկայացրել է շինության ուրվապատկերը, որի սեփականատերը Հովհաննես Ղուկասյանն էր եւ որը օտարվել էր պետության կարիքների համար։ Նախորդ դատավճիռները կայացվել էին հենց այդ փաստաթղթի հիմքով, սակայն Կարախանյանը պահանջել է ներկայացնել շենքի հատակագիծը։ Այս կապակցությամբ դատավորը հայցվորին անհրաժեշտ փաստաթղթերի հավաքման ժամանակ է տրամադրել եւ նիստը տեղափոխել նոյեմբերի 27-ին։ «Դա նաեւ պատասխանողի փաստաբանին թույլ կտա ավելի լավ ծանոթանալ գործի նյութերին», - նշել է Գ. Կարախանյանը։

Նշենք, բոլորովին վերջերս Եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետության դեմ 2 վճիռներ է կայացրել այն գործերով, որոնց ելքը որոշել էր դատավոր Գայանե Կարախանյանը։ Դրանք էին՝ «Դանիելյանը եւ ուրիշներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» եւ «Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության»։

Հավելենք, որ «Միլանոյի» գործով բազմաթիվ հայցերից մեկը եւս գտնվում է Եվրոպական դատարանում։