Սիրիայում զինադադարի առաջին օրը՝ հոկտեմբերի 26-ին, 146 մարդ է զոհվել, գրում է Agence France-Presse-ը՝ հղում անելով  The Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպությանը։

Ըստ իրավապաշտպանների՝ զոհվածների թվում 53 խաղաղ բնակիչներ կան, 50 ապստամբներ եւ կառավարական զորքերի 43 զինծառայողներ։

Ավելի վաղ երկրի նախագահ Բաշար Ասադի եւ ապստամբների հրամանատարությունը հայտնել էին մահմեդականների Զոհաբերության տոնի պատվին (որը հայտնի է նաեւ Ղուրբան բայրամ անունով) հոկտեմբերի 26-ից 29-ը ներառյալ զինադադար հայտարարելու մասին։ Սակայն զինադադար հայտարարելուց մի քանի ժամ անց ապստամբների եւ Ասադի կողմնակիցների միջեւ մարտերը վերսկսվել են, գրում է lenta.ru-ն։

Առավել դաժան մարտեր են ընթացել Հալեպում, նաեւ՝ Դամասկոսի ծայրամասում։ Կառավարական կողմը հայտարարել է, որ իրենք ընդամենը գրոհայինների հարձակումներին են պատասխանում։

Ըստ The Syrian Observatory for Human Rights-ի, 19-ամսյա զինված հակամարտության արդյունքում Սիրիայում 35 հազարից ավելի մարդ է զոհվել։