Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում այսօր՝ հոկտեմբերի 29-ին բացվել է ոսկերչական իրերի միջազգային ցուցահանդեսը (ֆոտոռեպորտաժ): Կազմակերպիչն է Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիան (AJA): Ցուցահանդեսի անցկացումը համընկնում է Հայ ոսկերիչի ազգային օրվա (հոկտեմբերի 28) եւ AJA-ի ստեղծման 15ամյակի հետ:
Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ցուցահանդեսին մասնակցում են 60-ից ավելի ոսկերիչներ աշխարհի տարբեր երկրներից՝ Ռուսաստանից, Թաիլանդից, ԱՄՆ-ից, Կանադայից, Հոնգ Կոնգից, Լիբանանից, Սիրիայից, Ֆրանսիայից եւ այլն: Ցուցահանդեսում ակտիվորեն մասնակցում են նաեւ հայաստանցի ոսկերիչները: Երեւան են ժամանել նաեւ ոսկերիչներ Թուրքիայից:
Ըստ AJA-ի ղեկավար Գագիկ Գեւորգյանի՝ ոսկերչությունը Հայաստանում զարգացման մեծ պոտենցիալ ունի, եւ արդեն հաջորդ տարվանից սպասվում են նոր աշխատատեղերի ստեղծում: Նրա խոսքով՝ հայ ոսկերիչների վարպետությունը բարձր մակարդակի վրա է, սակայն դեռեւս բարելավելու կարիք կա: «Շատերն են ցանկանոմ Հայաստանում գործ հիմնել: Ես ընկերներ ունեմ Հնդկաստանից, որ այսօր էլ պատրաստ են Հայաստան գալ, բայց դրա համար պետք է պայմաններն լինեն»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գ. Գեւորգյանը; Նա հատկապես կարեւորեց ազատ տնտեսական գոտու ստեղծումը եւ շենքային պայմանները:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























