Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, գնդապետ Մարգար Օհանյանին, ով դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, Սերժ Սարգսյանը դեռ չի ներել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ոստիկանության Մեծամորի բաժնի նախկին պետ Մուշեղ Օհանյանը:
Հարցին, թե ներկա պահին ինչպե՞ս է Մարգար Օհանյանի առողջական վիճակը, նա պատասխանեց. «100 հիվանդություն ունի: Շաքար ունի, սրտի հետ կապված խնդիր: Դե երկար տարիներ է համակարգում է, մեկը մյուսի վրա ազդում է: Բայց, որ ասենք սուր արտահատված է՝ ոչ»:
Հիշեցնենք, որ Մարգար Օհանյանը ներման դիմում էր փոխանցել Սերժ Սարգսյանին: Մարգար Օհանյանը դատապարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պետական գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Ըստ այդմ, 2009 թվականի հունվարից մինչեւ 2011թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում ոստիկանության ՃՈ տրանսպորտային միջոցների շահագործման համար ՀՀ պետական բյուջեի եւ ՃՈ արտաբյուջետային միջոցների հաշվին ձեռք է բերվել եւ ՃՈ 1-ին եւ 2-րդ սպայական գումարտակներին բաշխելու համար Օհանյանին է հատկացվել 2 480 720 լիտր բենզին:
Ըստ մեղադրանքի, Մարգար Օհանյանը յուրացրել է Ճանապարհային ոստիկանությանը հատկացրած 574 հազար 420 լիտր բենզինը` կտրոնների տեսքով, դրանով պետությանը հասցնելով 160 միլիոն դրամի (շուրջ 420 հազար դոլար) չափով վնաս:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի/NEWS.am




























