Ամերիկան պարտք ունի, Ռուսաստանն ու Հայաստանը պարտք ունեն, այդ պարտքերը հավաքագրվում են ձմռան հատվածում ու փակվում են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը` անդրադառնալով Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին իր թողնած պարտքերի ժառանգությանը:

«Քաղաքապետարանն իմ օրոք 150 միլիոն սեփական եկամուտ է հավաքագրել ամեն ամիս, այսինքն` ամռանը աշխատում ենք, ձմռանը պարտքերը փակում ենք: 6,7,8 ամիս Գյումրիում ասֆալտ չի կարելի անել, 8 ամսվա 150 միլիոնը կազմում է մոտ 1 միլիարդ, գրում ես չէ՞»,- ասաց Վարդան Ղուկասյանը: Երբ ստացավ դրական պատասխան, բարկացավ` նշելով, թե ինչի ես գրում, դա օրենքի խախտում է, իրավունք չկա զանգել իրեն եւ մեկնաբանություն, հարցազրույց վերցնել, պետք է զանգել իր մամուլի ծառայությանը: Մեկնաբանությունը կիսատ թողնելով` Վարդան Ղուկասյանն անջատեց հեռախոսը:

Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ Գյումրիի նոր ավագանու՝ առաջիկայում հրավիրվելիք նիստում քաղաքապետ Սամվել Բալասանյանը դարձյալ քվեարկության կդնի անկախ աուդիտ հրավիրելու հարցը։ «Բալասանյանն առաջարկում է աուդիտ հրավիրել, որը կստուգի Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման ժամանակ համայնքային բյուջեից կատարված  ծախսերը։ Մեր տեղեկություններով, Ս. Բալասանյանը Վ. Ղուկասյանից հսկայական պարտքեր է ժառանգել, սակայն հայտարարել է, որ չի պատրաստվում դրանք մարել»,- գրել է «Ժամանակը»: