Պետական համակարգում ղեկավար պաշտոններ զբաղեցնողների աշխատավարձերում առաջացել են անհամամասնություններ: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Օինակ՝ առաջին ատյանի դատավորի աշխատավարձը բարձր է նախարարի աշխատավարձից, ինչը, ըստ Հ. Թովմասյանի՝ «աննորմալ երեւույթ է»: Սակայն, նրա խոսքով, սա չի նշանակում, որ դատավորի աշխատավարձը պետք է նվազեցնել, ուղղակի հարկավոր է սահմանել ավելի ճիշտ առաջնահերթություններ: Ներկայում ձեւավորվել է մի իրավիճակ, երբ նախարարի աշխատավարձն այլ սկզբունքով է ձեւավորվում, կենտրոնական բանկի ղեկավարներինը՝ այլ, իսկ անկախ հանձնաժողովներինն՝ այլ; Արդյունքում՝ ՀՀ նախագահի աշխատավարձը բնավ էլ ամենաբարձրը չէ պետական համակարգում:
Հ. Թովմասյանն ասաց, որ այդ անհամասնությունները ամենայն հավանականությամբ կվերացվեն 2013-14 թ.թ.: Կսահմանվի այնպիսի սանդղակ, երբ պետական համակարգում ամենաբարձր աշխատավարձ ստանում է ՀՀ նախագահը, այնուհետ վարչապետն ու ԱԺ նախագահը:
Նշենք, որ ՀՀ նախագահի ամսական աշխատավարձը ներկայում 400 հազ. դրամ է, վարչապետինը՝ 350 հազ. դրամ, նախարարներինն ու պատգամավորներինը՝ 330 հազ. դրամ: Համեմատության համար՝ ՀՀ կենտրոնական բանկում միջին աշխատավարձը 2013 թ.500 հազ. դրամ:




























