ՀՀ 2013 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվում է համայնքներին տրամադրել 36,2 մլրդ դրամի դոտացիաներ: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին ՀՀ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:
300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող յուրաքանչյուր համայնքի բյուջեից տրամադրվում է 3.5 մլն դրամ (2012 թվականի համար սահմանված չափով): Մյուս համայնքներին դոտացիան հաշվարկվել է «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքին համապատասխան՝ հաշվի առնելով համայնքի բնակչության թվաքանակը եւ հողահարկի ու գույքահարկի չափը; Բացառություն է կազմում ՀՀ Գեղարքունիքի մարզի Արծվաշեն համայնքի դոտացիան, որը հաստատագրված թիվ է՝ 4,6 մլն դրամի չափով:
Պատգամավոր Հրանտ Բագրատյանն ասաց, որ համայնքների բյուջեների ընդհանուր եկամուտները կազմում են 100 մլրդ դրամ, սակայն միայն 26 մլրդ դրամն է սեփական եկամուտ: «Օրենքով համայնքը հավաքում է իր եկամտի մեկ քառորդը՝ 100 մլրդ-ից 26 մլրդ դրամը: Այստեղ տեղական ինքնակառավարման հոտ չկա: Այլ երկրներում եկամտահարկը թողնում են համայնքներին, շատ երկրներում՝ շահութահարկն են թողնում»,- ասաց Հ. Բագրատյանը:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն ասաց, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ եկամտահարկի 96%-ը հավաքվում է Երեւան քաղաքում, դրա մեծ մասը՝ Կենտրոն համայնքում; Նույնը վերաբերում է շահութահարկին: «Դա ֆինանսական տեսակետից արդարացի չէ, երբ եկամտահարկի եւ շահութահարկի մեծ մասը մնում է Երեւանում: Մենք ընտրել ենք համահարթեցման դոտացիաները, որը վերցրել ենք գերմանական փորձից, սա հայկական գյուտ չէ»,- ասաց Պ. Սաֆարյանը:




























