Երեւան քաղաքի ավագանու հոկտեմբերի 31–ին գումարված նիստում ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել Երեւան քաղաքի ավագանու 2011 թվականի դեկտեմբերի 9-ի « Երեւան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու եւ օտարման 2012 թվականի ծրագրի վերաբերյալ, ինչպես նաեւ Երեւան քաղաքում որոշ հոեղամասերի փոփոխության մասին որոշումների նախագծերին։
Երեւանի քաղքքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե ավագանու հավանությանն է արժանացել նաեւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության գործում մատուցած համազգային նշանակության բացառիկ ծառայությունների համար հատուկ գնդի գումարտակի հրամանատար, հետմահու «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումի արժանացած կապիտան Ջիվան Զավենի Աբրահամյանի անվան հիմնադրամ հիմնելու նպատակով 22.19քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը անհատույց օտարելու մասին որոշման նախագիծը։
Ավագանին միաձայն քվեարկությամբ հաստատել է նաեւ որոշման նախագիծը, համաձայն որի սահմանվել են քաղաքային նշանակության քաղաքաշինական եւ գովազդային գոտիները: Նշված որոշմամբ ընդլայնվել են վարչական շրջանների ղեկավարների լիազորությունները, ինչն առավել արդյունավետ կդարձնի տեղում քաղաքաշինական բնույթի հարցերի կարգավորումը: Բնակիչներն, ըստ այդմ, բնակարանաշինական որոշակի խնդիրներ այսուհետ կկարգավորեն անմիջականորեն վարչական շրջաններում ՝ տեղերում անվճար առաջարկվող օրինակելի նախագծերի միջոցով։
Երեւանի ավագանին միաձայն քվեարկությամբ հաստատել է մայրաքաղաքի Այվազովսկու փողոցի հիմնանորոգման ծրագիրը, համաձայն որի նախատեսվում է երթեւեկային մասում ամբողջ երկայնքով ասֆալտ -բետոնյա ծածկի 4-5սմ հաստությամբ իրականացում։ Ամբողջովին փոխվելու է մայթերի ասֆալտ -բետոնյա ծածկը խճե հիմքով, ինչպես նաեւ բազալտե եզրաքարերը։ Այվազովսկու փողոցի ճանապարհի երկարությունը կազմում է 2485 գծմ, իսկ լայնությունը 13-18 մ։
Ավագանու որոշմամբ պատմաբան, պետական, հասարակական գործիչ, պատմական գիտությունների դոկտոր -պրոֆեսոր Հովհաննես Ինճիկյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ կտեղադրվի Թումանյան-35 հասցեում։
Նիստի ավարտին տեղի ունեցած հարց ու պատասխանի ընթացքում մայրաքաղաքում աղբահանության կազմակերպմանը վերաբերող հարցի առնչությամբ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ այս տարի հայտարարված աղբահանության կազմակերպման միջազգային մրցույթի շրջանակում ութ կազմակերպություններ ներկայացրել են իրենց նախնական առաջարկները, որից հետո նրանց հետ ընթացել են բանակցություններ եւ արդեն նոյեմբեր ամսին բոլոր 8 կազմակերպությունները կներկայացնեն գնառաջարկներ ու բիզնես ծրագրեր, որոնց հիման վրա էլ կընտրվեն հաղթողները. «2013թ-ի կեսից արդեն հաղթող կազմակերպությունները կսկեն սպասարկում իրականացնել Երեւան քաղաքում: Մոտեցումները լինելու են նորովի եւ ընդգրկելու են ողջ բնագավառը: Կունենանք եվրոպական ամենաժամանակակից չափանիշներին համապատասխան սպասարկում: Արդյունքում լուծում կստանան վերջին տասնամյակներում Երեւանի ու երեւանցիների առջեւ ծառացած ոլորտի բոլոր խնդիրները»,-նշել է քաղաքապետը:
Հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացիների վերգետնյա անցումներից օգտվելու հնարավորությունների ստեղծմանն առնչվող հարցին ի պատասխան քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ այժմ քննարկվում է եւ 2013թ-ին կառուցվելիք վերգետնյա անցումների նախագծերում հաշվի կառնվի խնդիրը եւ կգտնվեն համապատասխան լուծումներ. «Ինչպես ներդրողների, այնպես էլ կառուցող կազմակերպությունների հետ բանակցություններում այդ հանգամանքը այսօր առաջնահերթ է: Նաեւ հիշեցնեմ, որ Երեւանի քաղաքապետարանը այլեւս հանրային նշանակության կառույցների որեւէ շինթույլտվություն չի տրամադրում առանց հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար համապատասխան հարմարությունների ապահովման: Բացի այդ, մեր քաղաքաշինության խորհրդում այսօր ընդգրկված է նաեւ հաշմանդամների շահերը պաշտպանող ներկայացուցիչ համապատասխան հասարակական կազմակերպությունից եւ, համոզված եմ, լուծումները կլինեն ավելի արդյունավետ»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Երեւանի ավագանու հաջորդ հերթական նիստը տեղի կունենա նոյեմբերի 28-ին:




























